Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են», - գրել է Նեդ Փրայսը Թվիթերում:

Խոսնակը թեմային անդրադարձել է նաև երեքշաբթի օրը Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Փրայսը մատնանշել է իր թվիթերյան գրառումը՝ մանրամասնելով. - «Մենք հստակեցրել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր հումանիտար հետևանքներ ունի: Այն հետ է մղում խաղաղ գործընթացը: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Ճանապարհը դեպի առաջ բանակցությունների միջոցով է»:

Պետդեպարտամենտի խոսնակը հատուկ ընդգծել է, որ էներգետիկ ենթակառուցվածքի խափանումը, ինչի մասին հաղորդումներ են ստացվում, կարող է հումանիտար ճգնաժամ առաջացնել՝ «հատկապես երբ մուտք ենք գործում ձմռան ամիսներ»: «Եթե դա միտումնավոր է, անընդունելի է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության թիրախավորումը», - հայտարարել է Նեդ Փրայսը:

Արցախի տեղեկատվական շտաբը դեկտեմբերի 12-ին հայտարարեց, որ առավոտից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Արցախից հաղորդում են, որ ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում:

Երեկ երեկոյան էլ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի գազամատակարարումը:

XS
SM
MD
LG