Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունն առանց նախապայմանների։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունում։
«Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի մատակարարումը առանց որևէ պայմանի՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները», - ասվում է երեքշաբթի օրը տարածված կոմյունիկեի մեջ։
Փարիզը նաև հիշեցրել է «հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը»։ «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը», - ընդգծում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը:
Արցախի տեղեկատվական շտաբը դեկտեմբերի 12-ին հայտարարեց, որ առավոտից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Արցախից հաղորդում են, որ ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում:
Երեկ երեկոյան էլ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի գազամատակարարումը: