Երկրորդ օրն է՝ Իրանի հյուսիսում՝ Արևմտյան Ադրբեջանում, բախումներ են ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև, ըստ իրավապաշտպանների, առնվազն երեք ցուցարար է սպանվել։
Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերում լսվում են կրակոցներ ու պայթուցիկների ձայներ։ Մեկ այլ տեսանյութում էլ, որն ըստ «Ֆրանսպրես»-ի, նկարահանվել է Արևմտյան Ադրբեջանի Խոյ քաղաքում, երևում է՝ ինչպես են տասնյակ ցուցարարներ գիշերով վանկարկում՝ «մահ բռնապետին, մահ բռնապետին»:
Պաշտոնական աղբյուրները հաստատում են, որ Հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանումները վերջին օրերին հավելյալ ուժեր, այդ թվում՝ ծանր զինտեխնիկա են կենտրոնացրել հիմնականում քրդերով բնակեցված մի շարք քաղաքներում, «անջատողականների ու ահաբեկիչների խռովությունները ճնշելու, խռովարարներին վնասազերծելու համար, կան ձերբակալվածներ»։
Հատուկ գործողություններն իրականացվում են արդեն երկրորդ ամիսը չդադարող զնագվածային ցույցերից հետո: Ակտիվիստները պնդում են, թե Հեղափոխության պահապանների կորպուսը առևանգում է ցուցարարների դիերն ու գաղտնի հուղարկավորում՝ խռովությունների նոր ալիքից խուսափելու համար։ Իշխանություններն, իրենց հերթին, պնդում են, թե ցույցերը կազմակերպվում են դրսից՝ Միացյալ Նահանգների ու Իսրայելի կողմից։
«Արտաքին ուժերը փորձել են մարդկանց փողոց հանել՝ իշխանություններին թուլացնելու համար, բայց արդյունքի չեն հասել», - նախօրեին պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Գերագույն հոգևոր առաջնորդը։
Այաթոլլա Ալի Խամենեին նաև սպառնացել է, թե երկրով մեկ անցկացված ցույցերի մեղավորները՝ մարդասպաններն ու ջարդարարները, պատասխան կտան օրենքի ողջ խստությամբ։ Ժամեր անց հաղորդվեց, որ Թեհրանի դատարանը վեց մարդու մահվան է դատապարտել՝ ցույցերին աջակցելու կամ՝ մասնակցելու մեղադրանքներով։
Ավելի վաղ՝ այս ամիս, Իրանի խորհրդարանի մեծամասնությունը՝ 290 պատգամավորներից 227-ը, հավանություն էին տվել բանաձևին, որը կոչ է անում իրավապահներին խստագույնս պատժել անկարգությունների հետ առնչություն ունեցողներին։
Բողոքի ալիքը, որը 1979-ի հեղափոխությունից հետո իշխանություններին նետված ամենալուրջ մարտահրավերն է համարվում, սկսվել է անցած սեպտեմբերին, երբ մահմեդական գլխաշոր չկրելու համար ոստիկանություն տարված 22-ամյա Մահսա Ամինին մահացել էր՝ կասկածելի հանգամանքներում։ Ազգությամբ քուրդ կնոջ մահը բորբոքել էր կրքերը նախ քրդաբնակ շրջաններում, ապա՝ տարածվել ողջ երկրով մեկ, ի պատասխան իշխանությունները բռնի ուժ էին գործադրել։
Ըստ իրավապաշտպան կազմակերպության, անցած երկու ամսում հակակառավարական ցույցերի զոհ է դարձել առնվազն 378 մարդ
Ըստ Նորվեգիայում գործող իրավապաշտպան կազմակերպության, անցած երկու ամսում միայն հակակառավարական ցույցերի զոհ է դարձել առնվազն 378 մարդ, նրանց թվում տասնյակ երեխաներ կան։
«Խորապես անհանգստացած եմ, որ Իրանի իշխանությունները, ըստ հաղորդումների, խստացնում են բռնությունները ցուցարարնեիի դեմ», - թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հավելելով՝ «մենք կշարունակենք աջակցել իրանի ժողովրդին և հետամուտ կլինենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։
Երկրի ներսում ձեռնարկված հատուկ գործողություններից բացի Հեղափոխության պահապանների կորպուսը այսօր վաղ առավոտյան հարվածներ է հասցրել նաև Իրաքյան Քուրդիստանի ուղղությամբ։ Ըստ հաղորդումների, իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների թիրախում են եղել ընդդիմադիր զինյալների դիրքերը, որոնք, ըստ Իրանի պաշտոնյաների, աջակցում են Իրանի քրդաբնակ շրջաններում սկիզբ առած հակակառավարական ցույցերին ու զենք մատակարարում ակտիվիստներին։
Ինքնավար Քուրդիստանի կառավարությունը կտրականապես հերքել է այդ մեղադրանքներն ու դատապարտել «սամանի չարդարացված խախտումը»։
Նույն կերպ է արձագանքել նաև Միացյալ Նահանգները: «Նման միտումնավոր ու ապօրինի հարձակումները վտանգի են ենթարկում խաղաղ բնակչությանը, խախտում են Իրաքի ինքնիշխանությունն ու հարվածի տակ դնում Իրաքում ու Մերձավոր արևելքում ծանր գնով ձեռք բերված կայունությունն ու անվտանգությունը», - հայտարարել է Ամերիկայի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլլան։
Չնայած Թեհրանը շարունակում է կոշտ բռնությունները ընդդիմախոսների դեմ, վերջիններիս բողոքի ալիքը այսօր նոր թափ է ստացել։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր ազգային հավաքականը առաջին խաղում՝ Անգլիայի հետ հանդիպմանը նախընտրեց օրհներգը չերգել՝ ի նշան համերաշխության։
Մինչ այդ ցուցարարներին աջակցելու մասին էին հայտարարել տասնյակ աստղեր ու մարզիկներ, այսօր միահամուռ նրանց միացան նաև հավաքականի 11 ֆուտբոլիստները։ Ի դեպ, այս դեմարշը Իրանի ազգային հեռուստատեսությամբ չի ցուցադրվել, հեռարձակումը սկսվել է խաղի մեկնարկից հետո միայն։