Իրանի տարածքում արդեն երկրորդ ամիսը շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին՝ իսլամական հանրապետության իշխանությունները կրկին հայտարարում են, որ դրանց կազմակերպիչների և ակտիվ մասնակիցների թվում այլ երկրների քաղաքացիներ կան։
«Բողոքի գործողությունների ընթացքում ֆրանսիական հատուկ ծառայությունների մի շարք գործակալներ են ձերբակալվել», - այսօր պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին:
«Անկարգությունների ժամանակ այլ պետությունների քաղաքացիներ ևս ձերբակալվել են։ Նրանցից ոմանք դրանց ընթացքում բավական կարևոր դերակատարություն են ունեցել։ Նրանց թվում նաև ֆրանսիական գործակալներ կան, որոնց հետ պետությունը կվարվի օրենքի տառին համապատասխան», - հայտարարել է Վահիդին։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան հաստատել էր Իրանում ծավալված բողոքի ակցիաների ընթացքում Ֆրանսիայի քաղաքացիների ձերբակալության փաստը՝ նշելով, որ դրանց թիվը այս պահին հասնում է յոթի։