Իրանի մայրաքաղաք Թեհրանի ոստիկանության բաժանմունքներից մեկում երիտասարդ քուրդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահվանը հաջորդած զանգվածային ցույցերն ու երթերը շարունակվում են: Բողոքի ակցիաներին նախևառաջ մասնակցում են երիտասարդները, մեծ մասը՝ կանայք և աղջիկներ:
Երեկ ազգականները, Մահսայի ընկերուհիներն ու ընկերները և հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներում նշել են երիտասարդ աղջկա քառասունքը:
22-ամա Մահսա Ամինին մահացել է սեպտեմբերի 16-ին: Ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծված հատուկ դաստիարակչական պարեկության ծառայությունը, որն անվանում են նաև «բարոյականության ոստիկանություն», սեպտեմբերի 13-ին նրան բերման է ենթարկել մահմեդական գլխաշորը՝ հիջաբը հանրային վայում ոչ պատշաճ ձևով կրելու համար:
Թե ինչ է պատահել ներսում՝ դժվար է ասել, ոստիկանները պնդում են, որ ընդամենը «բացատրական զրույցի համար են աղջկան տարել բաժանմունք»: Նրա մտերիները, հղում անելով մի անանուն բժշկի՝ պնդում են, որ ոստիկանները մահակով հարվածել են Մահսայի գլխին: Աղջիկը հայտնվել կոմայի մեջ ու մահացել:
Ողբերգությունից մեկ-երկու օր անց դրա մասին ամբողջ երկիրն է իմացել, և սկսվել են զանգվածային բողոքներ, ընդ որում ոչ միան մայրաքաղաքում կամ Քուրդիստանի նահանգում գտնվող աղջկա ծննդավայր Սեքեզում, այլև բազմաթիվ ուրիշ բնակավայրերում:
Ցուցարար երիտասարդ կանայք ասում են, թե պետք է ընդհանրապես հրաժարվել հիջաբ կրելու պահանջից:
Դատական բժիշկը հավատացնում է, թե բաժանմունքում աղջկա մոտ սրտի կաթված է եղել: Ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ասել է, թե պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին և նոր հանգել ինչ-ինչ եզրակացությունների:
«Այդ աղջիկը մի շարք հիվանդություններ ուներ, ըստ փաստաթղթերի, դեռ 5 տարեկանում նա գլխուղեղի վիրահատության է ենթարկվել»,- ասել է նախարարը:
Մահսայի մահը, կարծես, այն կայծն էր, որը սոցիալական բազում դժվարություններից բորբոքված հանրությանը պետք է դուրս մղեր բողոքի:
Տնտեսական անկումը, գնաճը, ազգային տարադրամի՝ ռիալի աննախադեպ անկումը բնակիչների համար ծանրագույն պայմաններ են ստեղծել: ԱՄՆ մեկ դոլարի գինն այսօր հասել է 45 հազար 400 ռիալի: Այդ ամենին գումարվում է նաև մի քանի շրջաններում տարիներ տևող երաշտի ազդեցությունը, որը գյուղատնտեսական արտադրանքին է հարվածել:
Այաթոլաների ռեժիմը գիտակցում է, որ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոցներ և «Մա՛հ դիկտատորին», «Կորչե՛ն դահիճները», «Մենք արդարություն ենք պահանջում» կարգախոսները ոչ միայն Մահսայի մահվան առիթով են վանկարկում:
Ռեժիմը կոշտ է արձագանքում: Ղեկավարներն ասում են, թե, իհարկե, ցավալի է, որ երիտասարդ աղջիկ է մահացել, հարկ է քննել և եթե լինեն մեղավորներ՝ պատժել նրանց, բայց չի կարելի վստահել երկրի դեմ դավադրություններ ծրագրող ուժերին և նրանց արտասահմանյան տերերին:
«Վստահ եմ՝ անկարգությունները ծրագրել են Ամերիկան և սիոնիստական ռեժիմը»,- հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին:
Նա պահանջել է ուժայիններից ամենախիստ միջոցներով պատասխանել ցուցարարներին: Ոստիկանները, հատուկ ծառայությունները, «Բասիջ» անվամբ աշխարհազորայինները ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ են կիրառում, ամբոխների վրա կրակ են բացում:
Իրավապաշտպան կազմակերպությունների փոխանցմամբ, այս 40 օրվա ընթացքում մոտ 250 մարդ է զոհվել, այդ թվում` տասնյակ երեխաներ:
Եվրամիությունը և Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի նկատմամբ:
«Միացյալ Նահանգներն Իրանի կանանց և ամբողջ աշխարհին իրենց խիզախությամբ հիացնող իրանցիների կողքին է: Մենք կշարունակենք միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր բռնություն են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ և ոտնահարում եմ մարդկանց ամենատարրական իրավունքները»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան-Պյերը:
Պատժամիջոցների նոր ցուցակում 10-ն իրանցիներ են, այդ թվում` «Էվին» անվամբ բանտի ղեկավարները, և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու հետ առնչություն ունեցող այլ պաշտոնյաներ: