Մատչելիության հղումներ

Բայդենը Իրանին կոչ է արել դադարեցնել բռնությունները սեփական քաղաքացիների նկատմամբ


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Իրանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել բռնությունները սեփական ժողովրդի նկատմամբ։

«Կանայք պետք է կարողանան Աստծո անունից կրել այն, ինչ իրենք են ցանկանում։ Իրանը պետք է վերջ տա բռնություններին սեփական քաղաքացիների հանդեպ, որոնք պարզապես իրականացնում են իրենց հիմնարար իրավունքները», - ասել է Ջո Բայդենը ուրբաթ օրը ելույթ ունենալով Կալիֆորնիայի Իրվին Վելի համայնքային քոլեջում։

Իրանում բողոքի ցույցերը սկսվեցին, երբ սեպտեմբերի 16-ին կալանավայրում մահացավ 22-ամյա Մահսա Ամինին։ Նա բերման էր ենթարկվել գլխաշորը ոչ պատշաճ կրելու մեղադրանքով։ Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ բռնաճնշումների հետևաքնով ավելի քան 200 մարդ է սպանվել, այդ թվում՝ դեռահաս աղջիկներ։ Amnesty International կազմակերպության տվյալներով առնվազն 23 երեխա է սպանվել։

1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո այս բողոքի ցույցերը համարվում են կղերական իշխանության դեմ ամենահամարձակ մարտահրավերներից մեկը։

«Ես նայում եմ այնտեղ և տեսնում եմ ազատ Իրան։ Ցանկանում եմ դուք իմանաք, որ մենք կանգնած ենք Իրանի քաղաքացիների և խիզախ կանանց կողքին», - ասել է Բայդենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG