Մատչելիության հղումներ

Իրավիճակն Իրանում սրվում է


Իրան - Բողոքի ցույցը Թեհրանում, 20-ը սեպտեմբերի, 2022թ.
Իրան - Բողոքի ցույցը Թեհրանում, 20-ը սեպտեմբերի, 2022թ.

Իրավիճակն Իրանում շարունակում է սրվել։ Հինգշաբթի օրը ոստիկանության և ցուցարարների միջև կատաղի բախումների մասին տեղեկություններ էին ստացվում մայրաքաղաք Թեհրանից և շուրջ հինգ տասնյակ մեծ ու փոքր քաղաքներից։ Արևմտյան աղբյուրների և արտերկրում գործող իրանական ընդդիմադիր հեռուստաալիքների տեղեկություններով` բախումների ընթացքում ցուցարարները հրկիզում են ոստիկանական բաժանմունքները, ինչպես նաև իրավապահներին պատկանող մեքենաները։

Այս ամենը ստիպեց երկրի իշխանություններին սկսել համացանցի առայժմ մասնակի արգելափակումը։ Նախօրեին երկրի տարածքում չէին գործում Instagram-ն ու Whatsapp-ը, որոնք ցույցերի մասնակիցների միջև տեղեկատվության փոխանակման գլխավոր հարթակներն են։ Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ շարժական ինտերնետի արգելափակման մասին։

Սրան զուգահեռ, երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», հինգշաբթի երեկոյան հանդես եկավ կոշտ մի հայտարարությամբ՝ պահանջելով հայտնաբերել և խստորեն պատժել այն մարդկանց, որոնք «սոցիալական ցանցերում և փողոցներում կեղծ լուրեր են տարածում՝ վտանգելով իրանական հանրության հոգեբանական անվտանգությունը»։

Իրադրությունը Իրանում սրվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Թեհրանի ոստիկանական բաժանմունքներից մեկում 22-ամյա Մահսա Ամինիի մահվան մասին։ Երիտասարդ կնոջը բերման էին ենթարկել գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար։ Իրանի ոստիկանությունը պնդում է, որ Ամինին սրտի հիվանդություն է ունեցել, ինչն էլ նրա հանկարծակի մահվան պատճառ է դարձել։ Իրանցի ընդդիմադիրները, սակայն, վստահ են՝ Ամինին զոհվել է ոստիկանությունում կիրառված բռնության հետևանքով։

Ու չնայած իշխանությունների հավաստիացումներին, թե Մահսա Ամինիի մահը համապարփակ և անկողմնակալ հետաքննության կենթարկվի, հազարավոր իրանցիներ շարունակում են մնալ փողոցներում։ Ավելին, ցույցերի մասնակիցների շրջանում տիրող տրամադրությունները գնալով ավելի էին ծայրահեղանում։ Իրանից ստացվող տեղեկությունների համաձայն՝ ցուցարները կատաղի դիմադրություն են ցուցաբերում ոստիկաններին և իշխանությունների աջակիցներից կազմված «Բասիջ» կառույցի ջոկատներին՝ երբեմն անգամ նախահարձակ լինելով։ Կիսապաշտոնական աղբյուրները պնդում են, որ Մաշադում և Ղազվինում ցուցարարների ձեռքով մեկական ուժային է սպանվել։ Իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ սպանված ուժայինների թիվը հինգշաբթի երեկոյան դրությամբ հասնում էր հինգի, վիրավորներինը գերազանցում էր հարյուրը։

Իրանի պետական հեռուստատեսությունը երեկ հայտարարեց, որ երկու կողմից զոհերի թիվը հասնում է 17-ի։

Նման իրավիճակում արդեն մի քանի ժամից մայրաքաղաք Թեհրանի փողոցներ դուրս կգան իշխանության աջակիցները։ Սա մի մարտավարություն է, որ իրանական կառավարությունը նախկին ներքաղաքական ճգնաժամերի ընթացքում ևս հաջողությամբ կիրառել է՝ ուրբաթօրյա աղոթքից հետո փողոց դուրս բերելով իր աջակիցներին և ցույց տալով՝ չնայած երկրում առկա դժգոհություններին, իշխանությունների քաղաքականությունը դեռ վայելում է լայն զանգվածների՝ նախևառաջ պահպանողական տրամադրված հավատացյալների աջակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG