Մատչելիության հղումներ

Իրանում բռնկված բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է առնվազն 185 հոգի. իրավապաշտպաններ


Իրանում երիտասարդ կնոջ մահվանը հետևած անկարգությունները շարունակվել են նաև կիրակի օրը՝ ի հեճուկս իշխանությունների բռնաճնշումների, հաղորդում է Reuters-ը: Իրավապաշտպան կազմակերպությունների փոխանցմամբ՝ ցույցերի ընթացքում առնվազն 185 մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ:

Հակակառավարական ակցիաները, որոնք սկսվել են սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորության ժամանակ նրա քրդաբնակ Սաքեզ քաղաքում, վերածվել են Իրանի հոգևոր առաջնորդների համար վերջին տարիների ամենամեծ մարտահրավերի, ցուցարարները կոչ են անում տապալել Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

«Առնվազն 185 մարդ, այդ թվում՝ առնվազն 19 երեխա, սպանվել է Իրանում համազգային ցույցերի ժամանակ: Ամենաշատ սպանությունները տեղի են ունեցել Սիստան և Բելուջիստան նահանգում», - հայտարարել է Նորվեգիայում գործող Իրանի Մարդու իրավունքների պաշտպանական խումբը:

Իշխանությունները բողոքի ցույցերը որակել են որպես երկրի թշնամիների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դավադրություն: Նրանք, ի թիվս այլոց, մեղադրել են զինված այլախոհներին բռնության մեջ, որի հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի առնվազն 20 անդամ, հավելում է Reuters գործակալությունը:

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, որ այսօր վաղ առավոտյան Իրանի տասնյակ քաղաքներում կրկին ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակցել են հարյուրավոր աշակերտուհիներ և համալսարանականներ՝ չնայած անվտանգության ուժերի կողմից արցունքաբեր գազի, մահակների և շատ դեպքերում մարտական զինամթերքի օգտագործմանը, նշում են իրավապաշտպան կազմակերպությունները:

Իրանի իշխանությունները հերքել են իրական փամփուշտների կիրառման փաստը։

XS
SM
MD
LG