Մատչելիության հղումներ

Իրանում գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար ձերբակալված աղջիկը մահացել է. երկրում ցույցեր են


Իրանում արդեն երրորդն օրն է` չեն դադարում բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին, երբ 22-ամյա Մահսա Ամինին մահացել է կալանավայրում։ Որոշ քաղաքներում ցույցերն ուղեկցվել են բախումներով, իրավապահները նաև հրազեն են կիրառել։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն վերջին օրերին ոստիկանների կրակոցից առնվազն 5 մարդ է սպանվել, 200-ից ավելի ցուցարար էլ ձերբակալվել է։ Իրավապահները նրանց մեղադրում են ոստիկանների վրա հարձակվելու ու հանրային գույքը ոչնչացնելու համար։ Թեհրանի նահանգապետը հայտարարել է, թե ցույցերը նախօրոք կազմակերպված են եղել անկարգություններ հրահրելու համար։

Իրանի հյուսիս-արևմտյան Քրդստան նահանգի բնակիչ 22-ամյա Մահսա Ամինին ձերբակալվել էր գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար, հայտնել էին ոստիկանությունից։ Իրավապահները, սակայն, մինչ այս պահը չեն հաղորդում՝ ինչն է եղել երիտասարդ կնոջ մահվան պատճառը։ Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ սպասում են դատաբժշկական եզրակացությանը, միևնույն ժամանակ պաշտոնյան ենթադրել է, թե երիտասարդ կնոջ մահվան պատճառը նրա նախկինում ունեցած հիվանդություններն են եղել։

«Պետք է սպասել դատաբժշկական հետազոտությունների արդյունքներին, որ հասկանանք նրա մահվան պատճառը, քանի որ, ըստ էության, նա նախկինում ունեցել է մի շարք առողջական խնդիրներ, ֆիզիկական խնդիրներ ուներ», - նշել է նախարարը։

Մինչդեռ հայրը հայտարարել է, որ Ամինին որևէ առողջական խնդիր չի ունեցել, շեշտել, որ աղջկա ոտքերին կապտուկներ կան։ Հարազատները ոստիկանությանն են մեղադրում նրա մահվան համար։ Մինչ Իրանի իրավապահները 22-ամյա Ամինիի մահը «դժբախտ պատահար» են որակում, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան դատապարտում են աղջկա ձերբակալությունն ու նրա մահվան պատճառ դարձած բռնությունը։

Իրանում շարիաթի կամ իսլամական օրենքների համաձայն՝ կանայք պարտավոր են կրել գլխաշոր, հագնել երկար, ոչ նեղ հագուստ: Հակառակ դեպքում կարող են տուգանվել կամ ձերբակալվել, սակայն այս պահանջը բազմաթիվ իրանցիներ չեն ընդունում, ու ժամանակ առ ժամանակ ակտիվիստները կոչ են անում հրաժարվել գլխաշորերից։

22-ամյա աղջկա մահվանն անդրադարձել է նաև Միավորված ազգերի կազմակերպությունը։ Կառույցի ներկայացուցիչը կոչ է արել անկողմնակալ հետաքննություն իրականացնել՝ պարզելու Մահսա Ամինիի մահվան պատճառը։ Իրանցիները ցույցեր են անում նաև երկրից դուրս։ Գերմանիայում այսօր տեղի իրանցիները հավաքվել էին այդ երկրում Իրանի դեպանատան առաջ՝ դատապարտելով երիտասարդ կնոջ մահվան միջադեպն ու ցուցարարների դեմ կիրառված բռնությունները։

XS
SM
MD
LG