Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի վերջին հնարավոր է Ռուսաստանում եռակողմ բանակցություններ անցկացնեն՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Ռուսական «Վեդոմոստի»-ին տեղեկությունը հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Ըստ պարբերականի՝ հանդիպումը սկսել է նախապատրաստվել ԱՊՀ գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահի ելույթից հետո: Պուտինը մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին առաջարկել էր հանդիպել իրենց հարմար ժամանակ՝ ցանկացած քաղաքում՝ Սոչիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում։
Սպասվող հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեղեկություն կողմերից որևէ մեկը դեռ չի տարածել։ Հայաստանի կառավարությունից էլ ոչ հերքում, ոչ էլ հաստատում են։ Փաշինյանի աշխատակազմից «Ազատությանը» միայն ասացին, թե վարչապետի այցերի վերաբերյալ պատշաճ ժամկետներում տեղեկատվությունը տրամադրվում է։ Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը ամսվա սկզբին՝ Պրահայում էին հանդիպել։
Չեխիայի մայրաքաղաքում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ բանակցությունների արդյունքով կողմերը քառակողմ հայտարարություն ընդունեցին, որով համաձայնեցին ճանաչել միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը։
Ռուսաստանյան հավանական հանդիպմանը «սկզբունքային» բնորոշում է տալիս քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։ Նրա կարծիքով՝ Պուտինն ու Ալիևը միասնաբար կփորձեն ճնշել Փաշինյանին, որպեսզի հրաժարվի բանակցել արևմտյան հարթակներում։
«Համաձայնի, որ խնդիրը պետք է քննարկել բացառապես եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան, իսկ իրականում՝ քառակողմ, Թուրքիան էլ գումարած, միայն այդ քառակողմ հարթակում այդ հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են», - նշեց Բաղդասարյանը:
Քաղաքական մեկնաբանը ենթադրում է, որ հայկական կողմը կհամաձայնի բանակցություններն անցկացնել միայն ռուսական ձևաչափով, եթե Երևանի պահաջներն էլ բավարարվեն. «Հայաստանն էլ, կարծում եմ, դրա դիմաց պահանջելու է, որ Ադրբեջանն ավելի հստակեցնի իր դիրքորոշումը միմյանց տարածքային ամբողջականությունների փոխադարձ ճանաչման հարցի վերաբերյալ և կոմունիկացիաների վերաբացման հարցում վերջնականապես և միանշանակորեն հրաժարվի միջանցքային տրամաբանությունից»:
Եթե համաձայնությունը կայանա, ըստ քաղաքական մեկնաբանի, ապա կողմերը մի քանի քայլով կմոտենան խաղաղության պայմանագրի ստորագրմանը, եթե՝ ոչ, ապա մեծ է նոր լարվածության հավանականությունը:
Բաղդասարյանի կարծիքով, սակայն, ավելի մեծ է հավանականությունը, որ Բաքուն դեմ կլինի Երևանի առաջարկներին. «Այդ դեպքում ավելի շատ Ռուսաստանից է կախված՝ կհաջողվի համոզել Ադրբեջանին և Թուրքիային, որպեսզի այդ առումով զիջումներ անեն՝ խաղաղության հաստատման համար»:
Արդեն նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում էլ Բրյուսելում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների երրորդ նիստը։ Հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից նիստի մասին այլ մանրամասներ չեն հաղորդում։
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը Թվիթերում գրել էր, թե հայկական կողմն առաջարկել է հանձնաժողովների նիստը հոկտեմբերի 31-ին անցկացնել, հետո՝ ջնջել էր թվիթը։ Արդյոք ազգային հանձնաժողովների հանդիպումը հետաձգվել է առաջնորդների հնարավոր բանակցությունների պատճառով, հայտնի չէ։