«Այս երեկո Հայաստանը և Ադրբեջանը հաստատում են իրենց նվիրվածությունը ՄԱԿ-ի Խարտիային և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», - հինգշաբթի ուշ երեկոյան Պրահայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո Ֆեյսբուքում գրել է Ֆրանսիայի նախագահը:
«Հայաստանը համաձայն է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որը համաձայն է համագործակցել», - փոխանցում է Էմանյուել Մակրոնը «Հանուն Կովկասում տևական խաղաղության» խորագրի ներքո:
Այդ առաքելության նպատակն է, ըստ Ֆրանսիայի նախագահի, հաստատել վստահություն և նպաստ բերել սահմանային հանձնաժողովների աշխատանքին:
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները Չեխիայի մայրաքաղաքում կայացան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:
Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն էր շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։