Մատչելիության հղումներ

Ալիևի խոսքով՝ քառակողմ հանդիպումը կարևոր նշանակություն կունենա խաղաղության պայմանագրին հասնելու համար


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի առաջնորդների հետ քառակողմ հանդիպումից հետո հայտարարել է, թե այն կարևոր նշանակություն կունենա խաղաղության պայմանագրին հասնելու համար:

«Հուսով եմ՝ մենք աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը։ Առաջիկայում արտգործնախարարները պետք է հանդիպեն երկրորդ անգամ, մենք առաջարկեցինք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը հանդիպեն և մի քանի օրվա ընթացքում զբաղվեն խաղաղության պայմանագրի տեքստի նախապատրաստումով», - ասել է նա:

Ալիևը նշել է, որ այսօր ընթրիքից հետո կողմերը նորից են հանդիպելու: Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Ալիևը կրկին պնդել է, որ «Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներն են», Բաքուն մտադիր չէ նրանց ճակատագիրը քննարկել որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ. «Սա մեր ներքին գործն է»:

Ալիևն ընդգծել է, որ Ղարաբաղի հայերը կունենան նույն իրավունքները, ինչ ադրբեջանցիները. «Նրանք կարող են վստահ լինել, որ իրենց գոյությունը՝ ինտեգրված ադրբեջանական հասարակությանը շատ ավելի լավ կլինի, քան հիմա է», - նշել է նա:

Ադրբեջանի ղեկավարը Պրահայում նորից պահանջել է «հայկական զինված կազմավորումները դեռ դուրս բերել Ղարաբաղից». «Իհարկե, դրանց մի մասն արդեն դուրս է բերվել մեր հողից, բայց նրանք դեռ այնտեղ են, և ես հույս ունեմ, որ սրան էլ վերջ կտրվի», - հայտարարել է նա:

Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն էր շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։

XS
SM
MD
LG