Մատչելիության հղումներ

Ավարտվել է Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը


Պրահայում ավարտվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահների և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի առանձնազրույցը։ Մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը քառակողմ հանդիպումից հետո Թվիթերում լուսանկար է տարածել՝ գրելով՝ «հանուն Կովկասում տևական խաղաղության»:

Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն էր շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։

Այս հանդիպումից հետո առաջին անգամ պաշտոնապես կհանդիպեն Թուրքիայի ու Հայաստանի ներկայիս ղեկավարները։

Քառակողմ հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահը, արձագանքելով «Ազատության» հարցին, թե Փաշինյանը կոչ է անում Բաքվին ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, որն է նրա պատասխանը, ասել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։

Օրեր առաջ էր վարչապետ Փաշինյանը ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրից պետք է առանձնացել Ղարաբաղի հարցը, այն կարող է և չլինել այդ պայմանագրում։ Փաշինյանը նաև նշել էր, թե Ղարաբաղի հարցով հիմնական բանկացողը պետք է Արցախը լինի: Իսկ Պրահա Ժամանելուց առաջ՝ երեկ, վարչապետ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե անվտանգային իրավիճակը Հայաստանի շուրջ մնում է կայուն, լարված, միաժամանակ պնդել, թե լարվածության թուլացման որոշ միտումներ է տեսնում Վաշինգտոնի միջնորդությամբ Ադրբեջանի հետ կայացած բանակցություններից հետո։

Գագաթնաժողովի վայր՝ Չեխիայի նախագահական նստավայր, ժամանելուց առաջ Ադրբեջանի նախագահն արդեն իսկ երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։

Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ, կողմերը քննարկել են հաջորդ ամիս Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման օրակարգը։ Այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսին, սակայն դրանից երկու շաբաթ անց Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա, ըստ փորձագետների, լուրջ հարված հասցնելով նաև Եվրամիության միջնորդական ջանքերին։

Հայաստանի վարչապետի ու Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի միջև դեմ առ դեմ՝ երկկողմ հանդիպում այսօր նախատեսված չէ։

XS
SM
MD
LG