Մատչելիության հղումներ

Ըստ Բադալյանի՝ Փաշինյան-Ալիև շփման ցանկացած հնարավորություն նախ պետք է օգտագործել սահմանային իրավիճակի լիցքաթափման համար


Քառակողմ հանդիպման կամ Փաշինյան-Ալիև շփման ցանկացած այլ հնարավորություն նախ պետք է օգտագործել սահմանային իրավիճակի լիցքաթափման և կայունության թեկուզ կարճաժամկետ երաշխիք ձևավորելու համար, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Եթե նույնիսկ ընթացիկ կայունության հարցեր լուծվում են այսպիսի հանդիպումներում, անշուշտ դա ինքնին շատ կարևոր է, և պետք է փորձել օգտագործել բոլոր հնարավորությունները», - ասաց Բադալյանը։

Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպում Պրահայում, 6-ը հոկտեմբերի, 2022թ․
Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպում Պրահայում, 6-ը հոկտեմբերի, 2022թ․

Քառակողմ ձևաչափի հաջողությունը կախված է նրանից, թե որքանով է այն համադրված Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերի հետ, կարծում է մեկնաբանը։

«Եթե մենք ունենք պատկեր, որ բավական ակտիվ և առաջնային դիվանագիտական ջանք և նախաձեռնողականություն է ցուցաբերում Միացյալ Նահանգները, ես չեմ կարծում, որ Ֆրանսիայի և Եվրոպայի խորհրդի քաղաքական, դիվանագիտական գործիքակազմն ավելին է և հնարավոր է ակնկալել ավելի մեծ էֆեկտ, քան Միացյալ Նահանգների դիվանագիտական ջանքն է, և, իհարկե, այս ամենն էլ իր հերթին կախված է նաև Ռուսաստանի վերաբերմունքից, իրեն հայտարարել է հակամարտության մաս, չմոռանանք օրեր առաջ Զախարովայի հայտարարությունը», - ասաց Բադալյանը։

Պրահայում երեկ քառակողմ հանդիպմանը նախորդեցին օրվա առաջին կեսին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից կրակոցները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերում ամրաշինական աշխատանքներ կատարող շինտեխնիկայի ուղղությամբ։

Բադալյանի կարծիքով՝ Փաշինյան-Ալիև բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող կողմերը պետք է փորձեն պատասխանտվություն ստանձնել հրադադարի պահպանման ռեժիմի համար։

Փաշինյան-Էրդողան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպում Պրահայում, 6-ը հոկտեմբերի 2022թ․
Փաշինյան-Էրդողան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպում Պրահայում, 6-ը հոկտեմբերի 2022թ․

«Առավել ևս, երբ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ադրբեջանական կողմը պարզապես թիրախավորում է Հայաստանի տարածքում ամրաշինական աշխատանք կատարող ուժերին։ Այսինքն՝ որևէ ռազմական գործողություն չի կատարվում, բայց Ադրբեջանը, կրկնեմ, Հայաստանի տարածքում թիրախավորում է և խախտում հրադադարը», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Երբ նման գործողությունները չեն արժանանում համարժեք գնահատականի, դրանից հետո Ադբեջանը ռազմական հարձակումների միջոցով է փորձում ավելի մեծ քաղաքական պահանջներ դնել բանակցային սեղանին, կարծում է Բադալյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG