Մատչելիության հղումներ

Պրահայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը


Պրահայում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Երկու երկրների առաջնորդները Չեխիայում են՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։

Հայկական պատվիրակության կազմում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, թուրքական կողմից՝ արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը և հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։

Ավելի վաղ Փաշինյանը հանդիպում էր ունեցել Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահների և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս հանդիպումից մանրամասներ դեռ հայտնի չեն:

Սա Հայաստանի ու Թուրքիայի առաջնորդների առաջին հանդիպումն է անցած 13 տարում․ վերջին անգամ Աբդուլա Գյուլն ու Սերժ Սարգսյանն էին հանդիպել, որոնց սկսած ֆուտբոլային դիվանագիտությունը, սակայն, ի վերջո տապալվեց։

Փաշինյանն ու Էրդողանն, իրենց հերթին, կարգավորման գործընթաց սկսեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ խոստանալով հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Մինչ այժմ, սակայն, ամենամեծ ձեռքբերումը եղել է օդային հաղորդակցության վերականգնումը, և համաձայնությունը՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առջև, սակայն այդ համաձայնությունը իրագործելու պայմանները դեռ չեն հստակեցվել։ Հայաստանի հատուկ բանագնացը՝ Ռուբեն Ռուբինյանը օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, որ սեպտեմբերի 14-ին պետք է այս հարցով հանդիպում կայանար, որը, սակայն, թուրքական կողմը որոշել էր չեղարկել․ դրա նախօրեին Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա՝ օկուպացնելով որոշ տարածքներ։

Այսօր «Ազատություն»-ը Թուրքիայի նախագահից հետաքրքրվեց՝ ի՞նչն է խոչընդոտում բացել հայ - թուրքական սահմանը հիմա: Էրդողանը ըստ էության չպատասխանեց, միայն ասաց, թե Անկարան կշարունակի քաղաքականությունը, որ բանեցնում էր մինչ այժմ։

XS
SM
MD
LG