Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:
Նիկոլ Փաշինյանն Օլաֆ Շոլցին մանրամասներ է փոխանցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
Երկու պաշտոնյաների հետ էլ ունեցած առանձին հանդիպումներում Հայաստանի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:
Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում վարչապետն ընդգծել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը:
Հունաստանի և Հայաստանի վարչապետերն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը, հաղորդում են կառավարությունից:
Շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակման հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։
Ըստ պաշտոնական տվյալներիՙ հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, առնվազն 20 ռազմագերի, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր: