Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Պրահա:
Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք:
Ըստ Փաշինյանի գրասենյակի՝ վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նախօրեին «Ազատության» հետ հարցազրույցում ասել էր, որ Պրահայի հանդիպումներից որևէ դրական ակնկալիք չունի՝ շեշտելով՝ սպառնալիքներ են լինելու, ամեն ինչ անելու են, որ ստիպեն Հայաստանին ընդունելու Ադրբեջանի ներկայացրած պահանջները։
Գրիգորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Պարոն Գրիգորյան, Պրահայում հանդիպելու են Էրդողանն ու Փաշինյանը։ Երևանն ասում է՝ «Ղարաբաղի հարցը չենք քննարկելու», դա հնարավո՞ր է։
Գրիգորյան․ - Չեմ կարծում, թե հնարավոր է։ Կարծում եմ՝ պարզ է ինչ պետք է ակնկալել այդ հանդիպումից։ Էրդողանն, ինչպես իր հրապարակային ելույթներում, այդպես էլ այդ հանդիպման ընթացքում, նշելու է, որ Երևանը պետք է ընդունի Բաքվի պահանջները երկու կարևորագույն հարցերում՝ խաղաղության պայմանագրի օրակարգի հարցում և միջանցքի հարցում, և միայն դրանից հետո հնարավոր է ինչ-որ հայ-թուրքական կարգավորման գործընթաց։ Հիշում ենք, որ հայ-թուրքական այս գործընթացի մեկնարկին ևս Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ «որևէ նախապայման չկա, որ գնում ենք կարգավորման առանց նախապայմանների», բայց ընթացքում թուրքական կողմն արդեն հրապարակայնորեն սկսեց խոսել այդ նախապայմանների մասին։ Այս փուլում ես որևէ դրական արդյունք այդ հանդիպումից չեմ ակնկալում։
«Ազատություն»․ - Այսինքն, ավելին՝ ուղիղ ճնշո՞ւմ է լինելու այդ հանդիպմանը Հայաստանի վրա։
Գրիգորյան․ - Վստահաբար, ես կարծում եմ, որ սպառնալիքներ էլ են լինելու, որ եթե Երևանը չկատարի այդ պահանջները, Թուրքիան, առնվազն, աջակցելու է Ադրբեջանին այդ նոր ռազմական էսկալացիայի պարագայով, հիմա ամեն ինչ անելու են Հայաստանին ստիպելու համար այդ պահանջներն ընդունել։
«Ազատություն»․ - Իլհամ Ալիևը նորից ասել է, որ «միջազգային որևէ խաղացողի հետ չեն պատրաստվում քննարկել Ղարաբաղում ապրող հայերի ճակատագիրը, քանի որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են»։ Բայց ամեն ինչ էդքան հեշտ չէ, իրենք ինչպե՞ս են խոսելու Ղարաբաղում ապրող հայերի հետ։
Գրիգորյան․ - Ես չեմ կարծում, թե այնտեղ խոսելու կամ չխոսելու խնդիր կա։
«Ազատություն»․ - Դա նշանակում է, ուրեմն, վտարել էդ մարդկանց։
Գրիգորյան․ - Դե՝ այո, դա հստակ է։ Ես կարծում եմ, որ եթե նմանատիպ փաստաթուղթ ստորագրվի, դժվար թե մոտ ապագայում, այսինքն՝ մինչև 2025 թվականը գետնի վրա դեֆակտո իրավիճակը փոխվի քանի ռուսներն այնտեղ են, բայց Ադրբեջանի ռազմավարական նպատակը ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելն է, և դուրս բերելուց հետո, պարզ է, թե ինչ է տեղի ունենալու՝ մարդիկ պարզապես ռուս խաղաղապահների հետ այդ տարածքը լքելու են։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․