Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերը շարունակում են հակահարձակումը Դոնեցկի և Խերսոնի մարզերում


Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են օկուպացված Խերսոնի շրջանի երկու բնակավայր՝ Արխանգելսկը և Միրոլյուբովկան, երեկ երեկոյան հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ իրենց հաջողությունները Դոնեցկի շրջանի Լիման քաղաքի ազատագրումով չեն սահմանափալվում։

«Սա արդեն միտում է։ Վերջերս ինչ-որ մեկը ինչ-որ տեղ կեղծ հանրաքվեներ էր անցկացնում, և երբ ուկրաինական դրոշը վերադառնում է, ոչ ոք չի հիշում ռուսական ֆարսի և անեքսիայի մասին», - ասել է Զելենսկին:

Լիմանը ուկրաինական զորքերն ազատագրել էին հոկտեմբերի 1-ին։ Դրանից մեկ օր առաջ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ստորագրել էր ուկրաինական չորս մարզերի՝ Զապորոժիեի, Խերսոնի, Լուգանսկի և Դոնեցկի բռնակցման մասին համաձայնագրերը, իսկ երեկոյան Կարմիր հրապարակում մեծ շուքով համերգ-տոնակատարություն էր այս առիթով։

Մինչդեռ հենց այդ ժամերին ուկրաինական զինված ուժերը ազատագրում էին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Դոնեցկի մարզի Լիման քաղաքը։

Ռազմաճակատում այս նորությունների ֆոնին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր խոստովանել է, թե դեռ չեն որոշել չորս բռնակցած նոր շրջանների սահմանները․ - «Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները՝ 2014 թվականի սահմաններում, իսկ Խերսոնի և Զապարոզժիեի սահմանների հետ կապված մենք կշարունակենք խորհրդակցություններն այդ մարզերի բնակչության հետ»։

Ուկրաինական հակահարձակումը այսօր շարունակվում է Դոնեցկի և Խերսոնի մարզերում։ Պաշտոնական Կիևը սակայն զգուշավորությամբ է խոսում առաջխաղացման մասին և կոչ անում չտարածել զորքերի տեղաշարժի մասին տեսանյութեր՝ զինվորները կյանքը չվտանգելու համար։

Ուկրաինական կողմի հաջողությանը արձագաքնել են և' Արևմուտքում և' Մոսկվայում։ NBC-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շեշտել էր, որ ուկրաինական ուժերը կարողանում են առաջ գնալ. - «Մենք տեսնում ենք, որ նրանք կարողացել են գրավել նոր քաղաք՝ Լիմանը, և դա ցույց է տալիս, որ ուկրաինացիներն առաջընթաց են գրանցում, կարողանում են հետ մղել ռուսական ուժերին քաջությամբ, խիզախությամբ, և իհարկե, նաև առաջադեմ զենքի շնորհիվ, որը տրամադրում են Միացյալ Նահանգները և մյուս դաշնակիցները»։

Ուկրաինական չորս շրջանների մեծ մասը բռնակցելուց հետո Մոսկվան հայտարարեց, թե այդ տարածքներն այսուհետ Ռուսաստանի մասն են և դրանց վրա հարձակումը կնշանակի հարձակում Ռուսաստանի վրա՝ սպառնալով պաշտպանել իր տարածքը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ միջուկային զենքով։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միջուկային զենքի ցանկացած կիրառում սարսափելի հետևանքներ կունենա Ռուսաստանի համար։

Պաշտոնական Վաշինգտոնը հրապարակավ չի ասում, թե ինչ կանի, եթե Պուտինը տակտիկական միջուկային զենք կիրառի Ուկրաինայում։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրենը ABC-ի եթերում հայտարարել է թե Միացյալ Նահագները և նրա դաշնակիցները, օրինակ, կարող են ոչնչացնել ռուսական զորքերը և տեխնիկան Ուկրաինայում և խորտակել Ռուսաստանի սևծովյան նավատորմը։

Դեվիթ Պետրեուսը միաժամանակ հետուկ ընդգծել է, որ ինքը չի քննարկել այս հարցը Սպիտակ տան հետ. - «Ուղղակի հիպոթետիկ պատկերացում տալու համար. առաջնորդելով ՆԱՏՕ-ի հավաքական ջանքերը մենք կոչնչացնենք բոլոր սովորական ռուսական ուժերը Ուկրաինայում, ինչպես նաև Ղրիմում և յուրաքնաչյուր ռուսական նավ Սև ծովում»։

Ուկրաինական չորս շրջանների անեքսիայից հետո Արևմուտքը, ավելի կոշտացնելով հռետորաբանությունը, շարունակում է հայտարարել, որ ավելի կմեծացնի աջակցությունը Ուկրաինային։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ռազմական դաշինքն այսօր Ռուսաստանի հետ չի պատերազմում։

Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար Պուտինը սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք հայտարարեց, որի առաջին իսկ շաբաթը, հենց Պուտինի խոսքերով, անցել էր լուրջ խախտումներով։ Այսօր օրինակ Խաբարովսկի երկրամասի ղեկավարը պաշտոնից հեռացրել է տեղի զինվորական կոմիսարին, երբ պարզվել է, որ տարածաշրջանում մոբիլիզացվածների կեսը սխալմամբ է զորակոչվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG