Մատչելիության հղումներ

Միջուկային զենք կիրառելու Պուտինի սպառնալիքները հորինվել են նաև որպես ուկրաինացիներին վախեցնելու հոգեբանական օպերացիա․ Պշցել


Ռուսաստանի կողմից նույնիսկ տակտիկական միջուկային զենքի օգտագործումն աղետալի հետևանքներ կունենա բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի համար, «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուսաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին ղեկավար Ռոբերտ Պշցելը։

Իսկ, թե արդյոք Պուտինը պատրաստ է Միջուկային զենք կիրառել, Պշցելը պատասխանեց՝ նույնիսկ նրա մերձավոր շրջապատի մարդիկ տեղյակ չեն։

«Կան շատ ու շատ օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ նա ինքնուրույն որոշումներ է կայացնում՝ առանց խորը վերլուծության, և մենք տեսնում ենք նման որոշումների արդյունքները։ Կրկնեմ, իհարկե, որ կան պատճառներ, թե ինչու պետք է լրջորեն վերաբերվել այս բոլոր բացարձակապես անպատասխանատու հայտարարություններին, հռետորաբանությանը, որ, անկեղծ ասած, չի սկսվել վերջին շաբաթվա ընթացքում» - ասաց Ռուսաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին ղեկավարը՝ հիշեցնելով, որ պատերազմի դեռ սկզբից էր Ռուսաստանը սպառնում միջուկային զենքով։

Համեմատելով պուտինյան հռետորաբանությունը Խորհրդային Միության հռետորաբանության հետ՝ Պշցելը խոստովանում է՝ այս առումով պուտինյան ռեժիմն իրեն բացարձակապես անպատասխանատու է պահում՝ շեշտելով՝ սա խոսում է մի փոքր խելագարված ռեժիմի մասին։

«Այս ամենն արվում է ոչ թե այն պատճառով, որ դրանից կարելի է ակնկալել ինչ-որ ռազմական օգուտ, այլ դա հորինվել է որպես ուկրաինացիներին վախեցնելու հսկայական հոգեբանական օպերացիա։ Բայց այն չի ստացվի, սա պարզ է, դա նաև արվում է ամբողջ աշխարհին և Արևմուտքին վախեցնելու համար, որ, օրինակ, Արևմուտքը դադարի օգնել Ուկրաինային իր տարածքը պաշտպանելու հարցում։ Կարծում եմ, որ այս սպառնալիքներին պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից», - ասաց Ռուսաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին ղեկավարը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք հայտարարեց՝ բացատրելով դա երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, «ազատագրված տարածքների ժողովրդի» անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Պուտինը նաև կրկին զգուշացրեց, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը միջուկային զենք է կիրառելու: «Դա բլեֆ չէ», - ընդգծեց Ռուսաստանի նախագահը:

Ռոբերտ Պշցելի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG