Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատը՝ Պետական դուման, այսօր միաձայն հաստատեց Ուկրաինայի Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ընդգրկումը Ռուսաստանի կազմում:
Դումայի վավերացրած օրենքների համաձայն, այդ շրջանների բնակիչները հետայսու համարվում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Նրանք կարող են մեկ ամսվա ընթացքում ներկայացնել Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներ:
ՌԴ քաղաքացիության ընդունումը հնարավոր է միայն համապատասխան դիմում ներկայացնելու և քաղաքացու երդում տալու եղանակով:
Չորս դաշնային սահմանադրական օրենքների քվեարկության արդյունքներն ընդունվել են ծափողջույններով: Դրանից հետո Պետական դումայի պատգամավորները հոտնկայս լսել են Դաշնության օրհներգը:
Դոնեցկի և Լուգանսկի շրջանները Ռուսաստանի կազմում կունենան հանրապետությունների կարգավիճակ, իսկ Զապորժիեի և Խերսոնի տարածքներն ընդունվում են որպես շրջաններ:
Ենթադրվում է, որ վաղը՝ հոկտեմբերի 4-ին, վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը հավանություն կտա այդ չորս օրենքներին: Դրանք ուժի մեջ կմտնեն նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վավերացվելուց հետո:
Կիևը և Արևմուտքն, ինչպես նաև Ռուսաստանի դաշնակիցներ համարվող Չինաստանն ու Հնդկաստանը և գործնականում ամբողջ միջազգային համայնքը չեն ընդունում Մոսկվայի կողմից այդ շրջանների անեքսիան: