Մատչելիության հղումներ

Օրակարգում ՀԱՊԿ-ը լքելու հարց այս պահին չկա․ Աղաջանյան


ՀԱՊԿ-ը լքելու հարց այս պահին օրակարգում չկա, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի իշխող «Քազաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ից դուրս գալը որևէ գործնական էֆեկտ և արդյունք չի տալու, վստահեցրեց Աղաջանյանը՝ շեշտելով՝ հակառակը՝ նման քայլի դիմելն իրականում կարող է առաջացնել որոշ ռիսկեր՝ հաշվի առնելով այն լարված իրավիճակը և ռազմական իրողությունները, որոնք որ շրջապատում են այսօր Հայաստանի Հանրապետությանը։

«Կարող եմ հասկանալ՝ և՛ ընդունել, և՛ ապրումակցել այն մարդկանց էմոցիոնալ գնահատականներին և ոչ միայն էմոցիոնալ, բնականաբար, պրագմատիկ գնահատականներին, ըստ որոնց, ամենևին դրական չի գնահատվում ՀԱՊԿ-ի գործունեությունը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության առջև այսօր ծառացած խնդիրների լուծման համատեքստում։ Փաստ է, որ վերջին երեք դեպքերը որևէ կերպ, ըստ էության, որևէ արձագանքի չեն արժանացել մեր ՀԱՊԿ գործընկերների մոտ, և կառույցը, Հայաստանի պարագայում, առնվազն, եթե ոչ ամբողջությամբ, ոչ ֆունկցիոնալ, ապա առնվազն ֆունկցիոնալության որոշակի խնդիրներ է ի հայտ բերել», - ասաց իշխանական պատգամավորը։

Սեպտեմբերի 13-ից սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններ սկսվելուց հետո պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը։ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, Երևանի աջակցության դիմումին ի պատասխան մոնիթորինգային խումբ ուղակեց Հայաստան։

Խումբը շաբաթ օրը դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում, սահմանին լարվածության թուլացման առաջարկներ է մշակել։

Ավելի վաղ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրը պետք է քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծվի՝ շեշտելով՝ «ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր և, ես կարծում եմ, ոչ էլ մոտ ապագայում՝ խոսք չկա»։

ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից ռազմական օգնության փաստացի մերժումից մի քանի օր անց Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակով սկսեցին բարձրաձայնել կառույցից դգժոհությունների մասին և ուղիղ մեղադրել Ռուսաստանի գլխավորած դաշինքին անգործության համար։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունն երեկ ժամանել է Հայաստան։ Նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիթորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։

Երեկ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ:

Աղաջանյանի հետ հարցազրույցն ամբողությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG