Այսօր երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Սիդորովին ընդունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջադրել առաջիկա մոնիտորինգի հետ կապված խնդիրները:
Նախարարը հույս է հայտնել, որ խումբը արդյունավետ աշխատանք կիրականացնի և ՀԱՊԿ ՀԱԽ-ին կներկայացնի մանրամասն և ճշգրիտ հաշվետվություն ստեղծված օպերատիվ իրադրության վերաբերյալ:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին օպերատիվ խումբը համապատասխան աշխատանք կկատարի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում: