ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունն այսօր ժամանել է Հայաստան, տեղեկացնում են կառույցից:
Նշվում է, որ առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչ կազմակերպության աշխատակիցներ:
Առաքելությանը հանձնարարված է գնահատել ներկա իրավիճակը, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար տարածաշրջանում իրավիճակի մասին մանրակրկիտ զեկույց պատրաստել ու հայ-ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում լարվածության դեէսկալացիայի համար առաջարկությունների մշակել, հաղորդում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից:
Նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիտորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։
Այցը կտևի սեպտեմբերի 20-25-ը:
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ:
Անցած շաբաթվա սկզբին սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններ սկսվելուց հետո պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը։ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, Երևանի աջակցության դիմումին ի պատասխան մոնիթորինգային խումբ ուղարկեց Հայաստան։ Խումբը դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում: