Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նշեմ, որ կազմակերպության (ՀԱՊԿ-ի) գծով միջոցներ են ձեռնարկվում հայ - ադրբեջանական սահմանին իրադրության սրացման կապակցությամբ: Դիմակայության գոտի առաքելություն է ուղարկվել՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ: Նրան հանձնարարված է իրադրության ուսումնասիրման արդյունքներով պատրաստել առաջարկներ Հավաքական անվտանգության խորհրդին», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը այսօր օտարերկրյա դիվանագետների հավատարմագրերն ընդունելու արարողության ժամանակ:
«Ցանկացած հակամարտային իրավիճակներ մեզ համար մոտ պետությունների միջև մեր լուրջ մտահոգությունն են հարուցում: Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անվերապահորեն պահպանել հրադադարը և ամուր հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին», - նաև նշել է Ռուսաստանի նախագահը:
Անցած շաբաթվա սկզբին սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններ սկսվելուց հետո պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը։ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, Երևանի աջակցության դիմումին ի պատասխան մոնիթորինգային խումբ ուղարկեց Հայաստան։ Խումբը դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում:
Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կժամանի այս շաբաթ: