Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության առաջին խումբը՝ ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում:
Հայ զինվորականները ցույց են տվել հրետակոծությունների հետևանքները հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի տարածքում: Առաքելությունը նաև Սյունիքի մարզում այցելել է Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկից բնակելի տուն է վնասվել, հաղորդում է РИА "Новости" լրատվական գործակալությունը:
Սիդորովն ասել է, թե հայ - ադրբեջանական սահմանին, ինչպես նաև տաջիկա-ղրղըզական սահմանին ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ է ստեղծվել:
«Դրա հետ մեկտեղ, թե՛ մեր կանոնադրությունում, թե՛ փաստաթղթերում, թե՛ հենց Պայմանագրում գրված է, որ առաջնայնությունը տրվում է քաղաքական-դիվանագիտական մեթոդներին: Այդ պատճառով մենք դեռ ոչ մի սուր պատյանից չենք հանում և ջանում ենք առավելագույնս լուծել հարցերը խաղաղ ճանապարհով», - հայտարարել է գեներալը:
ՀԱՊԿ առաքելության առաջին խումբը Հայաստան է ժամանել երկու օր առաջ, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կժամանի եկող շաբաթ:
Շաբաթասկզբին սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններ սկսվելուց հետո պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ը որոշեց իրադրությունը տեղում գնահատելու համար առաքելություն գործուղել: