Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ից դուրս գալու, Փելոսիին ողջունող առանձին ակցիաներ` Երևանում


ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի առթիվ Երևանում ակցիաներ են անցկացվում` ողջունելու ամերիկացի պաշտոնյային, Նահանգներից պահանջելու քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիայի դեմ, ինչպես նաև Հայաստանի իշխանություններից պահանջելու դուրս գալ ՀԱՊԿ-ից: Քաղաքացիներն այդ բովանդակություններով պաստառներով հավաքվել են Գաֆեսճյան արվեստի կենտրոնի մոտ, որտեղ ելույթ ունեցավ Փելոսին, ՀԱՊԿ-ից հեռանալու պահանջով էլ` Ազատության հրապարակում:

Ռազմական այս դաշինքը, որի անդամ է Հայաստանը, Երևանի աջակցության դիմումին ի պատասխան մոնիթորինգային խումբ է ուղարկել Հայաստան:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության առաջին խումբը՝ ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար` Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, երեկ դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում:

Սիդորովն ասել է, թե հայ - ադրբեջանական սահմանին, ինչպես նաև տաջիկա-ղրղըզական սահմանին ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ է ստեղծվել:

ՀԱՊԿ առաքելության առաջին խումբը Հայաստան է ժամանել երկու օր առաջ, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կժամանի եկող շաբաթ:

Շաբաթասկզբին սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններ սկսվելուց հետո պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ը որոշեց իրադրությունը տեղում գնահատելու համար առաքելություն գործուղել:

ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից ռազմական օգնության փաստացի մերժումից մի քանի օր անց Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակով սկսել են բարձրաձայնել կառույցից դգժոհությունների մասին և ուղիղ մեղադրել Ռուսաստանի գլխավորած դաշինքին անգործության համար։

XS
SM
MD
LG