Մատչելիության հղումներ

Սիդորովը Պապիկյանին է ներկայացրել ՀԱՊԿ մոնիթորինգային խմբի վերջին օրերի աշխատանքների արդյունքները


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։

Շաբաթասկզբին սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններ սկսվելուց հետո պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը։ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, Երևանի աջակցության դիմումին ի պատասխան մոնիթորինգային խումբ ուղակեց Հայաստան։

Խումբը շաբաթ օրը Սիդորովի գլխավորությամբ, դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում: Անատոլի Սիդորովն ասել է, թե հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև տաջիկա-ղրղըզական սահմանին ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ է ստեղծվել:

Ավելի վաղ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրը պետք է քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծվի՝ շեշտելով՝ «ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր և, ես կարծում եմ, ոչ էլ մոտ ապագայում՝ խոսք չկա»։

Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կժամանի այս շաբաթ:

ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից ռազմական օգնության փաստացի մերժումից մի քանի օր անց Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակով սկսել են բարձրաձայնել կառույցից դգժոհությունների մասին և ուղիղ մեղադրել Ռուսաստանի գլխավորած դաշինքին անգործության համար։

XS
SM
MD
LG