«Արցախն ունենալու է այն կարգավիճակը, որը, ըստ երևույթին, պահանջում է Արցախի ժողովուրդը, և որի շուրջ կբանակցենք և կունենանք այն վերջնական տարբերակը, որին համաձայն կլինի Արցախի ժողովուրդը», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
«Այս հայտարարության մեջ և այդ հայտարարությունից դուրս մեր առաջնային խնդիրը հենց Արցախի ժողովրդի անվտանգությունն է և Արցախի ապագա կարգավիճակը, կարծում եմ` այդ փաստաթղթի մեջ շատ հստակ նշված է, ընդ որում չմոռանանք Ռուսաստանի, ԱՄՆ-ի արձագանքները», - «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը` խոսելով Փաշինյան-Ալիև-Միշել երեկվա հանդիպման ու պայմանավորվածությունների մասին:
«Արցախն ունենալու է այն կարգավիճակը, որը, ըստ երևույթին, պահանջում է Արցախի ժողովուրդը, և որի շուրջ կբանակցենք և կունենանք այն վերջնական տարբերակը, որին համաձայն կլինի Արցախի ժողովուրդը», - նշեց նա:
Իշխանական պատգամավորը Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմության օրակարգն արհեստական է համարում:
«Ընդդիմությունը, ըստ իս, այն հնչեցրած քաղաքական օրակարգի, որը ես ինքս համարում եմ արհեստական, որովհետև փաստացի ինքը հանրության մեջ չի ստացել այն արձագանքը, որը ընդդիմությունն ակնկալում էր, այդ օրակարգն արհեստական է, այսինքն` Արցախը չհանձնելու պահանջը, որովհետև եթե Դուք էլ նկատեք, իրենց խոսույթի մեջ էլ կամաց-կամաց այդ օրակարգը հետ է մղվել, ոնց որ փոխվել է, էլ դրա մասին քիչ են խոսում կամ ընդհանրապես չեն խոսում:
Այդ օրակարգը ի սկզբանե ինձ համար արհեստական է եղել, ՀՀ-ում նմանատիպ օրակարգ չկա, որը կարող է փողոցներ հանել այն հեղափոխական զանգվածները, որոնք ընդդիմությունն ակնկալում է: Ընդդիմությանը նպատակները մեկը չեն, երկուսը չեն, երեքը չեն, և ես չեմ կարծում, որ իրենք շատ հստակ են և էապես բարձրաձայնել են, որովհետև կարծում եմ` ընդդիմությունը բաղկացած է մի քանի սուբյեկտներից, որոնցից ամեն մեկը հետապնդում է իր շահը, բայց այդ շահը միանշանակ ՀՀ շահը չէ», - հայտարարեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը հաշվի չի առնում մարդկանց կարծիքը, որոնք փողոց են դուրս եկել, պատգամավորն արձագանքեց. «Իշխանությունը հաշվի է նստում մարդկանց կարծիքի հետ` անկախ այդ մարդկանց քանակից, թե ինչքանով են փողոցում: Որովհետև իշխանությունները, հարգելով մարդկանց ազատությունները, փաստացի թույլ են տալիս, որ մարդիկ իրենց բողոքի ձայնն արտահայտեն, և երկրորդը, որ իրականում թվից չի կախված պրոցեսի արդյունավետությունը, այլ իմ ասած քաղաքական օրակարգից, որովհետև փողոցում կարող են լինել հարյուր հազարավոր մարդիկ, բայց օրակարգը լինի անորոշ ու անհստակ»:
Ի պատասխան մեկ այլ հարցի` ինչպե՞ս է գնահատում բողոքի ակցիաների ժամանակ ուժայինների, հատկապես ոստիկանների աշխատանքը, որոնց հանդեպ իրավապաշտպանների կողմից քննադատություններ կան, Վիլեն Գաբրիելյանն ասաց. «Ես ոստիկանության աշխատանքը բավարար եմ համարում, իհարկե, որոշակի թերություններ կան, և իհարկե ոստիկանությունը կարող է շատ ավելի արդյունավետ աշխատել, բայց չի կարելի 1-2 դեպքով գնահատական տալ ամբողջ համակարգի ծառայությանը»:
Վիլեն Գաբրիելյանը վստահ է, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է անպիտան հրթիռների գործով, անմեղ է: Նա նշեց, որ քաղաքական ուժը համընդհանուր քաղաքական գնահատական չի տվել Դավիթ Տոնոյանի վերաբերյալ:
«Այս պահին տեղի է ունենում դատա-իրավական պրոցես, որի ընթացքում կապացուցվի` պարոն Տոնոյանը տվյալ հանցանքը գործել է, թե ոչ, բայց ես համոզված եմ, որ պարոն Տոնոյանը այդ հանցանքը չէր կարող գործել, որովհետև պարոն Տոնոյանին ճանաչում եմ պետականամետ, հայրենասեր գործիչ», - շեշտեց նա, միաժամանակ հավելեց, որ եթե դատավորն ապացուցի Տոնոյանի մեղավոր լինելն, առաջին մեղադրողն ինքն է լինելու:
Ամբողջական տարբերակը` տեսանյութում.