Մատչելիության հղումներ

Եվրամիությունն առաջարկելու է անդամ երկրներին նվազեցնել գազի օգտագործումը 15 տոկոսով


Եվրամիության իշխանությունները մտադիր են անդամ պետություններին առաջարկել հաջորդ ամսից ինքնակամ նվացեցնել բնական գազի կիրառումը 15 տոկոսով։ Այդ նպատակով Եվրահանձնաժողովն այսօր հրապարակելու է «Խնայել գազը անվտանգ ձմռան համար» էներգիայի կրճատման ծրագիրը։ Կառույցի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է՝ Բրյուսելը հասկանում է, որ Վլադիմիր Պուտինը գազը որպես զենք է օգտագործում:

«Ռուսաստանը գազն օգտագործում է որպես զենք։ Եվրոպան պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի` նրան, որ Ռուսաստանը զգալիորեն կրճատի գազի մատակարարումը կամ ընդհանրապես դադարեցնի այն։ Մենք խնդրում են Եվրամիության անդամ երկրներին նվազեցնել գազի օգտագործումը 15 տոկոսով», - ասել է նա:

Ըստ Bloomberg-ի՝ Եվրամիությունը ցանկանում է ապահովել անդամ երկրների գազի սպառումը նվազեցնելու պարտավորության իրավունքը, եթե կամավոր սահմանափակումները բավարար չլինեն։ Միջոցառումը պահանջում է անդամ երկրների հավանությունը, որը Եվրահանձնաժողովը կարող է պահանջել արդեն հաջորդ շաբաթ՝ էներգետիկայի նախարարների արտակարգ հանդիպման ժամանակ: Երկրների մեծ մասը, սակայն, դեմ է հարկադիր սահմանափակումներին։

Ու մինչ եվրոպական իշխանությունները քննարկում են հնարավոր էներգետիկ ճգնաժամը, գազի հիմնական մատակակար Ռուսաստանի նախագահը երեկ Թեհրանում հայտարարեց, թե «Գազպրոմն» իր պարտավորությունները կկատարի։ Սակայն Վլադիմիր Պուտինը միևնույն ժամանակ զգուշացրեց՝ «Հյուսիսային հոսք 1» գազատարով մատակարարումը կարող է կրճատվել մինչև նախկին ծավալի 1/5-ը, այսինքն՝ օրական միայն 33 մլն խմ։

Վաղը «Գազպրոմը» պետք է վերագործարկի «Հյուսիսային հոսք 1» գազատարը, սակայն ըստ Պուտինի՝ տեխնիկական պատճառներով «Գազպորմը» չի կարողանա նախկին քանակով գազ տրամադրել Եվրոպային։ Հինգ գազատուրբիններից մեկը, Պուտինի խոսքով, ռեզերվում է, երկուսը պետք է նորոգվեն, մեկն էլ նորոգումից հետո պետք է վերադառնա Կանադայից, եթե չվերադառնա, Եվրոպան, առաջին հերթին Գերմանիան ավելի քիչ գազ կստանան։

«Եթե մեկ այլ տուրբին գա, լավ է։ Երկուսը կաշխատեն։ Բայց եթե չգա, կլինի մեկը՝ օրական ընդամենը 30 միլիոն խմ կլինի», - ասել է նա։

Ռուսաստանի նախագահը երեկ ակնարկել է, թե իրավիճակը կարող է փոխել պատժամիջոցների տակ գտնվող «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը, սակայն նույնիսկ դա չի օգնի կտրուկ ավելացնել գազի մատակարարումները դեպի Եվրոպա, քանի որ գազատարի թողունակության կեսը դրա գործարկման «ուշացումների» պատճառով արդեն ուղղվել է Ռուսաստանի ներքին սպառման վրա:

Պուտինը մատակարարումների կրճատման և սպասվող էներգետիկ ճգնաժամի պատասխանատվությունն ամբողջությամբ դրել է եվրոպացի առաջնորդների վրա` ասելով. «Գազպրոմը» պատրաստ է մղել այնքան, որքան անհրաժեշտ է: «Գազպրոմը» միշտ կատարել է, կատարում է և մտադիր է կատարել իր բոլոր պարտավորությունները»:

ԵՄ ամենամեծ երկրի՝ Գերմանիայի ու մի քանի այլ պետությունների տնտեսությունները մեծապես կախված են ռուսական գազի մատակարարումներից։ Գերմանացի քաղաքական գործիչները Մոսկվային մեղադրում են մատակարարումները որպես զենք օգտագործելու և եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելու համար։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հակադարձում է Պուտինին՝ պնդելով, թե տուրբինների հետ կապված հարցը չի կարող խանգարել գազի մատակարարմանը. «Հյուսիսային հոսք» գազատարի տուրբինը Ռուսաստան կմատակարարվի ժամանակին, մատակարարման գործընթացը չի կարող պատրվակ լինել հուլիսի 21-ին տեխնիկական սպասարկման ավարտից հետո Եվրոպա մատակարարումները չվերսկսելու համար»:

Եվրահանձնաժողովի ղեկավարն ասում է՝ կան նաև այլ տուրբիններ, որոնք հնարավոր է օգտագործել։ Ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսք 2» գազատարին, ապա ֆոն դեր Լայենի խոսքով՝ այդ գազատարը սերտիֆիկացված չէ և չի կարող աշխատել։

Ռուսական մատակարարումներն ապահովում էին Եվրամիության գազի մոտ 40 տոկոսը, ինչը դժվար է փոխարինել կարճաժամկետ հեռանկարում: Գերմանական արդյունաբերությունը զգուշացնում է, որ վառելիքի մոտալուտ պակասը կհանգեցնի ռեցեսիայի: Միաժամանակ եվրոպացի առաջնորդները հայտարարում են՝ նույնիսկ էներգետիկ սուր ճգնաժամի պարագայում կշարունակեն աջակցել Ուկրաինային։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG