Մատչելիության հղումներ

Ռուսները պատրաստվում են գրոհի Դոնբասում, իսկ ուկրաինացիները` մեծ հակագրոհի հարավում


Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարությունները սևծովյան նավատորմի ոչնչացման և Ղրիմը վերադարձնելու պլանների մասին միայն հաստատում են ռուսական ռազմական գործողության արդարացիությունը, այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նման հայտարարությունները, որոնք հավակնություններ են պարունակում Ռուսաստանի տարածքի նկատմամբ, ևս մեկ անգամ խոսում են «հատուկ ռազմական գործողության» կոռեկտության և բացարձակ արդարացման մասին, քանի որ միայն նման միջոցներով Ուկրաինան կարող է ազատվել այդպիսի ղեկավարներից», - հայտարարել է նա։

Այսօր ավելի վաղ բրիտանական The Times թերթին տված հարցազրույցում Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գավրիլովն ասել է, թե ուկրաինական ուժերը պատրաստվում են արևմտյան զենքի միջոցով ազատել Ղրիմը և ոչնչացնել ռուսական սևծովյան նավատորմը։

«Նրանք պետք է հատուցեն իրենց ագրեսիայի համար։ Մեր զինված ուժերը զարգացնում էին սեփական հականավային հրթիռային հնարավորությունները և սպասում էին այլ երկրներից ավելի մեծ հեռահարության զինատեսակների` գրոհ սկսելու համար», - նշել է նա։

Փոխնախարարը հավելել է, որ Սև ծովի «մաքրումը» ռուսական զորքերից սկսվել է Զմեինի կղզուց, իսկ հաջորդ քայլը ռուսական սևծովյան նավատորմն է։ Ըստ Գավրիլովի՝ դա անհրաժեշտ է Ուկրաինայի անվտանգությունն «ապահովելու» համար։

Նախօրեին էլ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Արեստովիչն էր հայտարարել, թե ուկրաինացիները կհարվածեն Ղրիմի կամրջին, հենց ունենան նման հնարավորություն։

Պաշտոնական Կիևը արևմտյան հեռահար զենք ստանալուց հետո զգալիորեն կոշտացրել է հռետորաբանությունը. արտգործնախարար Կուլեբան, երեկ, մասնավորապես, հայտարարել է, թե Մոսկվայի հետ բանակցությունները կվերսկսվեն միայն այն դեպքում, երբ ռուսական զորքերը պարտվեն ռազմի դաշտում։

Իրավիճակը ռազմի դաշտում, սակայն, վերջին շրջանում էապես չի փոխվել, ռուսական բանակը մի կողմից հարձակողական գործողություններ է ձեռնարկում Դոնեցկի մարզում, որի ամբողջական գրավումը Կրեմլը հայտարարել էր իր առաջնային խնդիրը, մյուս կողմից` ռուսական ուժերը փորձում են պաշտպանվել ուկրաինական հակագրոհներից հարավում և փորձում չզիջել գրավված տարածքները, օրինակ, Խերսոնի ուղղությամբ։

Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերը դեռ կարող են առաջ շարժվել, սակայն այդ առաջխաղացումը, ամենայն հավանականությամբ, կլինի շատ դանդաղ։

Այսօր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնեց Սլավյանսկի ուղղությամբ ռուսական գրոհը տապալելու մասին։

Ռազմական վերլուծաբանները նկատում են, որ իրավիճակը իսկապես կարող է փոխվել, քանի որ ռուսական ուժերի համար, օրինակ, բավականին դժվար է թիրախավորել ամերիկյան հեռահար HIMARS սպառազինությունը: Այս պահին ուկրաինական բանակը, ռազմական հարցերով ուկրաինացի փորձագետ Սերգեյ Գրաբսկիի կարծիքով, HIMARS-ը տեստային ռեժիմով է օգտագործում, քանի որ այն բոլորովին նոր զենք է ուկրաինական բանակի համար։

«Գիտեք, սա շատ ու շատ բարդ թիրախ է ռուսական բանակի համար։ Դուք պետք է հասկանաք HIMARS-ի օգտագործման առանձնահատկությունները: HIMARS-ը անիվավոր մեքենա է, որը կարող է րոպեում բավական մեծ քանակությամբ կրակոցներ արձակել», - նշել է նա:

Փորձագետի խոսքով՝ եթե ուկրաինական ուժերը բավարար քանակի նման զենք ունենան, հնարավոր կլինի գործնականում տապալել ռուսական բանակի օպերատիվ նյութատեխնիկական ապահովումը։

Մոսկվան գործի է դրել իր էներգետիկ զենքը Եվրոպայի դեմ

Մինչ ռուսները պատրաստվում են մեծ գրոհի Դոնբասում, իսկ ուկրաինացիները` մեծ հակագրոհի հարավում, Մոսկվան գործի է դրել իր էներգետիկ զենքը Ուկրաինային աջակցող Եվրոպայի դեմ։

Ռուսական «Գազպրոմը» Եվրոպայում հաճախորդներին հայտնել է, որ չի կարող երաշխավորել գազի մատակարարումը «իր վերահսկողությունից անկախ արտառոց հանգամանքների պատճառով», հայտնում են Reuters-ը և Bloomberg-ը:

Խոսքը «Հյուսիսային հոսք 1» գազատարով Գերմանիա և եվրոպական մի շարք այլ երկրներ գազի մատակարարումների մասին է։ Գործակալությունների տվյալներով՝ «Գազպրոմը» նման նամակ է ուղարկել չորս օր առաջ, սակայն այն վերաբերում էր հունիսի 14-ից սկսած մատակարարումներին։

Energy Aspects խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Թրևոր Սիկորսկին Bloomberg-ին ասել է, որ ֆորսմաժորային հայտարարությունը կարող է նշանակել, որ «Գազպրոմը» չի նախատեսում հուլիսի 21-ին վերսկսել գազի մատակարարումը «Հյուսիսային հոսքով»: Այդ օրն ավարտվում է գազատարի պլանային սպասարկումը։

Եվրոպական իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է շանտաժի ենթարկել եվրոպական երկրներին գազի մատակարարումներով՝ պահանջելով չեղարկել պատժամիջոցները։ Մոսկվան կտրականապես հերքում է սա։

Հուլիսի 11-ին «Գազպրոմը» դադարեցրել է մատակարարումները «Հյուսիսային հոսքով»` պաշտոնապես «պլանային սպասարկման պատճառով»: Սակայն եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ Մոսկվայի այս հայտարարությանը չեն հավատում։

Ռուսները պատրաստվում են գրոհի Դոնբասում, իսկ ուկրաինացիները` մեծ հակագրոհի հարավում
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG