Մատչելիության հղումներ

Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել


Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այսօր Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե սա Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրված արդեն երրորդ նմանօրինակ փաստաթուղթն է, և Բրյուսելի հետ կյանքի կոչված էներգետիկ ծրագրերը արդեն իսկ լիովին փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը:

«Այսօրվա հուշագիրը յուրատեսակ ճանապարհային քարտեզ է ապագայի համար: Հաշվի առնելով, որ մենք կյանքի ենք կոչել նախկինում ծրագրված բոլոր նախագծերը, վստահ եմ, որ մենք մեծ ձեռքբերումներ կունենանք: Իհարկե, մեր օրակարգը շատ լայն է: Մենք աշխատում ենք Եվրամիություն-Ադրբեջան նոր համաձայնագրի շուրջ: Ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները կարող ենք ավարտել առաջիկա ամիսներին: Անկասկած, սա մեծ ներդրում կլիներ մեր երկկողմ համագործակցության մեջ», - ասել է նա:

Եվրամիությունը մտադիր է ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող Հարավային գազային միջանցքը և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը։ Նոր համաձայնագիրը ուղղված է լինելու նաև արտանետումների կրճատմանն ու համագործակցության ընդլայնմանը վերականգնվող էներգիայի աղբյուրների բնագավառում: Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, թե Բրյուսելը էներգիայի հուսալի մատակարարներ է դիմում, որոնցից մեկը Ադրբեջանն է:

«Մինչև Ուկրաինայի նկատմամբ զավթողական պատերազմը Ռուսաստանը վստահելի էներգետիկ գործընկեր չէր: Այդ պատճառով էլ Եվրամիությունը կենտրոնացել է Ռուսաստանից բացի, էներգիայի հավելյալ աղբյուրների դիվերսիֆիկացիայի վրա և սկսել է աշխատել ավելի հուսալի գործընկերների հետ: Ուրախ եմ, որ Ադրբեջանը նրանց շարքում է, ում մենք վստահում ենք», - նշել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահը ընդգծել է, որ այսօրվա հուշագիրը էլ ավելի է ամրապնդում Բաքու-Բրյուսել էներգետիկ գործընկերությունը: Նրա խոսքով` երկկողմ նոր համաձայնագրի շուրջ աշխատանքները շուտով կավարտվեն: Նախատեսվում է արդեն հաջորդ տարի 12 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազ հասցնել Եվրամիություն՝ նվազեցնելով կախումը ռուսականից և զգալիորեն ապահովելով մատակարարումների անվտանգությունը: Այժմ արտահանման ծավալը ութ միլիարդ է։

Reuters գործակալության փոխանցմամբ` եվրոպացի պաշտոնյաների Բաքու այցի շեմին շրջանառության մեջ է դրվել մի փաստաթղթի նախագիծ, որի համաձայն` Եվրամիության ղեկավարությունն առաջարկում է ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով: Գործակալության հաղորդմամբ՝ այդ նախագծով Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ անդամ պետություններին համաձայնություն ձեռք բերել Ադրբեջանի հետ՝ մեծացնելով այդ երկրից բնական գազի ներկրման ծավալները, ինչպես նաև ընդլայնել Ադրբեջանից Եվրոպա գնացող խողովակաշարերի ցանցը։

2021 թվականին Ռուսաստանից դեպի Եվրամիություն 155 մլրդ խորանարդ մետր գազ է արտահանվել, ինչը կազմում է գազի ընդհանուր սպառման 40 տոկոսը: Բրյուսելը ծրագրում է մինչև 2027 թվականը ադրբեջանական հարավային գազային միջանցքով տարեկան առնվազն 20 մլրդ խորանարդ մետր գազ հասցնել Եվրամիություն, հավանական է նաև Բալկաններ։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի ֆոնին Բաքուն բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է ավելացնել գազի մատակարարումը դեպի Եվրոպա՝ որպես այլընտրանք ռուսական գազին:

XS
SM
MD
LG