Մատչելիության հղումներ

Մեր պատժամիջոցները ծանր հարված են Կրեմլին, և դրանց ազդեցությունը ՌԴ տնտեսության վրա ապագայում ավելի ուժեղ կլինի. Բորել


«Մեր պատժամիջոցները ծանր հարված են Կրեմլին, և դրանց ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա ապագայում ավելի ուժեղ կլինի: Մեզ անհրաժեշտ է ռազմավարական համբերություն, քանի դեռ Ուկրաինան ամբողջությամբ չի վերականգնի իր ինքնիշխանությունը», - նշել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նա հավելել է, որ 2014 թվականին կիրառված պատժամիջոցներից հետո Ռուսաստանը սեփական արտադրության շնորհիվ հաջողությամբ կարողացավ փոխարինել ներմուծվող ապրանքների պակասը, սակայն գիտական, տնտեսական և տեխնոլոգիական մեկուսացման դեպքում դա գրեթե անհնար կլիներ։ Սակայն, ԵՄ բարձր ներկայացուցչի խոսքով` խոսքը միջնաժամկետ հատվածում պատժամիջոցների ազդեցության մասին է, ձեռնարկված միջոցներն անմիջական ազդեցություն չեն ունենա։

ԵՄ բարձր ներկայացուցիչը կոչ է արել «ռազմավարական համբերություն» ցուցաբերել՝ չնայած էներգակիրների գների աճին, որն առաջացել է Ռուսաստանի դեմ պատերազմի պատճառով պատժամիջոցների կիրառմամբ։ Նա ընդգծել է, որ դա անհրաժեշտ միջոց էր, և այն կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլը ագրեսիվ գործողություններ է ցուցաբերում։

Բորելը գրել է, որ տեղյակ է, թե ՌԴ էներգակիրների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ինչ վնասներ կբերեն ԵՄ բնակիչներին և որոշ խոշոր արդյունաբերությունների, սակայն, ըստ նրա, վաղ թե ուշ անհրաժեշտ էր նվազեցնել էներգետիկ կախվածությունը Մոսկվայից։

XS
SM
MD
LG