Եվրամիության ղեկավարությունն առաջարկում է ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված պաշտոնական փաստաթղթի նախագիծը։
Գործակալության փոխանցմամբ՝ այդ նախագծով Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ անդամ պետություններին համաձայնություն ձեռք բերել Ադրբեջանի հետ՝ մեծացնելով այդ երկրից բնական գազի ներկրման ծավալները։ Նույն փաստաթղթի համաձայն՝ եվրոպացի պաշտոնյաներն առաջարկում են ընդլայնել Ադրբեջանից Եվրոպա գնացող խողովակաշարերի ցանցը։
Փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրիս Սիմսոնի Բաքու կատարելիք այցի շեմին։
«Ռուսաստանի կողմից իր էներգետիկ պաշարները որպես ճնշման լծակ օգտագործելու մշտական պրակտիկայի ֆոնին էներգակիրների ներկրման դիվերսիֆիկացումը Եվրամիության համար առաջնահերթություն է դառնում», - նախօրեին Twitter-ի իր օգտահաշվում գրել է Եվրոպական հանձնաժողովը։