Մատչելիության հղումներ

Եվրոպայում մտավախություն կա, որ Ռուսաստանը չի վերսկսի գազամատակարարումը «Հյուսիսային հոսքով»


Մինչ Եվրոպան ամիսներ շարունակ քննարկում էր ռուսական էներգակիրներից կախվածությունը թուլացնելու, ռուսական գազից ու նավթից հրաժարվելու հարցը, Ռուսաստանը նախօրեին պարզապես դադարել է Եվրոպա գազ մատակարարել։

Այս գիշեր «Գազպրոմը» փակել է Բալթիկ ծովի հատակով դեպի Գերմանիա և Եվրոպա իր հիմնական գազատարը՝ «Հյուսիսային հոսքը»։ Առայժմ10 օրով, ինչպես նշվում է՝ կանխարգելիչ աշխատանքների համար։

Ու թեև Մոսկվան պնդում է, թե գազի մատակակարումը ժամանակավոր է դադարեցնում՝ զուտ տեխնիկական պատճառներով, Եվրոպայում մտահոգված են, որ տասն օր անց էլ «Գազպրոմը» չի վերսկսի մատակարարումը, և պատրաստվում են վատագույն սցենարին։

Դեռ անցած շաբաթ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, թե չի հավատում «Հյուսիսային հոսք»-ով գազի մատկարաման դադերցման մասին ռուսական կողմի բացատրությանը. - «Այսօր մենք ստիպված ենք հայտարարել, որ Ռուսաստանը էներգիան օգտագործում է որպես զենք: Ոչ ոք չի հավատում, որ Ռուսաստանը դադարեցնում է իր գազի մատակարարումը զուտ տեխնիկական պատճառներով»։

Շոլցի այս հայտարարությունից երկու օր անց Ռուսաստանի նախագահ Պուտինը պնդեց, թե ներկայիս էներգետիկ ճգնաժամը չմտածված արևմտյան պատժամիջոցների հետևանքն է՝ շեշտելով․ - «Սանկցիոն քաղաքականության հետագա կիրառումը կարող է հանգեցնել ավելի ծանր, առանց չափազանցության կատաստրոֆիկ հետևանքների»։

Եվրամիությունն այս շաբաթ պատրաստվում է արտակարգ միջոցառումներ հայտարարել։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Դեր Լեյենը նախազգուշացրել է, որ Մոսկվան կարող է ընդհանրապես դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպային. - «Մենք պետք է պատրաստվենք գազի մատակարարման հետագա ընդհատումներին և նույնիսկ Ռուսաստանի կողմից ամբողջական դադարեցմանը»:

Երեք տարի առաջ «Գազպրոմը» Եվրոպային մատակարարում էր օրական մինչև 500 մլն խորանարդ մետր գազ։ Այս տարվա մայիսին՝ օրական ընդամենը 250 մլն, հուլիսի սկզբին արդեն` 140 մլն։ Առաջիկա 10 օրվա ընթացքում Եվրոպային խոստանում են ընդամենը 75 միլիոն խորանարդ մետր։

Ռուսական գազի միակ իրական այլընտրանքը հեղուկ գազն է, որը ծովով Եվրոպա է առաքվում Միացյալ Նահանգներից ու Քաթարից։ Սակայն մատակարարումները սահմանափակ են։ Bloomberg Intelligence-ի գնահատմամբ, Եվրոպան կկարողանա կրկնապատկել հեղուկ գազի ներմուծումը մինչև 2026 թվականը և ծածկել իր կարիքների 40 տոկոսը, սակայն դա դեռ բավարար չի լինի։

«Ռուսական գազը հեղուկ գազով փոխարինելու ներուժը գրեթե սպառված է», - համարում են Բրեյգելի հետազոտական կենտրոնի վերլուծաբանները՝ շեշտելով, որ էներգետիկ այս ճգնաժամի իրական լուծումը Եվրոպայում գազի սպառման կրճատումն է։ Եթե առաջիկա տասը ամիսներին սպառումը կրճատվի 15 տոկոսով՝ 2019-2021 թվականների միջին ցուցանիշի համեմատ, ապա Եվրոպան կկարողանա ապրել առանց «Գազպրոմի», կարծում են փորձագետները։

Միևնույն ժամանակ, եվրոպական որոշ երկրներ (հիմնականում արևմուտքում և հարավում) ընդհանրապես ստիպված չեն լինի խնայել, մինչդեռ մյուսները (հիմնականում արևելքում և հյուսիսում) ստիպված կլինեն ինչ-որ կերպ կրճատել գազի պահանջարկը նույնիսկ մինչև 50 տոկոսով, օրինակ Գերմանիան: Այս անհավասարակշռությունը պահանջում է խնդրի նկատմամբ համաեվրոպական մոտեցում, գրում են Բրեյգելի փորձագետները։

Եվրոպացի պաշտոնյաները ևս ընգծում են, որ էներգետիկ այս ճգնաժամին դիմակայելու համար անհրաժեշտ են համաեվրոպական լուծումներ և համերաշխություն։ Այսինքն՝ պետք է Եվրոպա հասնող ամբողջ գազը հավասարաչափ բաշխել անդամ երկրների միջև։ Իսկ թե կդրսևորեն եվրոպացիները նման համերաշխություն, թերևս պարզ լինի արդեն այս շաբաթ, երբ եվրահանձնաժողովը հրապարակի էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու միջոցառումների ծրագիրը։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի իշխանությունները հայտարարում են, թե չնայած բոլոր դժվարություններին և ակնկալվող գազային ճգնաժամին՝ Բեռլինը շարունակելու է օգնել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Կանցլեր Օլաֆ Շոլցը անցած շաբաթ գերմանական հեռուսալիքներից մեկի եթերում հայատարել էր, թե Գերմանիան չի կարող համաձայնել, որ մի երկիր հարձակվի մյուսի վրա և ասի՝ «ես հիմա ձեր հողից մի կտոր գողանում եմ, և այն հիմա ինձ է պատկանում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG