Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանի տեղադրման դեմ ստորագրահավաք նախաձեռնած Գարեգին Միսկարյանը դրական է գնահատում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿՄԳՍ) նախարարության` իրավապահներին դիմելու վերաբերյալ հայտարարությունը, բայց և շեշտում է՝ այսպիսով Կառավարությունը հետամուտ է լինում ոչ թե մեղավորներին գտնելուն ու պատժելուն, այլ պարզապես հանցագործությունը դադարեցնելուն:
«Կառավարությունը պիտի առնվազն պատժեր էն նախարարություններին և էն պատասխանատու մարմիններին՝ իր ենթակայության տակ գտնվող, գոնե աշխատանքից պիտի ազատվեին էն մարդիկ, ովքեր պատասխանատու են էդ տարածքում կատարվածի համար, և նրանց անփույթ վերաբերմունքի կամ միգուցե կոռուպցիոն ինչ-որ դրսևորումների հետևանքով վնասվել է բնության հուշարձանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միսկարյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ ԿԳՍՄ նախարարությունը դիմել է ոստիկանությանը՝ Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար։ Նախարարությունը դիմումի հիմք է ընդունել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայտարարությունը, թե լեռան գագաթին հայտնաբերված հնավայրը Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքների հետևանքով վնասվել է: «Անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, այնտեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը», - պնդում են մասնագետները։
Տասն օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ արձանի հիմնարկեքի արարողություն եղավ։ Ինչին հետևեցին նախ ԿԳՄՍ, ապա նաև Շրջակա միջավայրի նախարարությունների հայտարարությունները, թե շինարարությունը կասեցվել է։ Գերատեսչությունների այս հայտարարություններից հետո, սակայն, լեռան տարածքում շինարարական աշխատանքները շարունակվում էին: «Այժմ իրականացվում են ճանապարհների, հոսանքի, գազի, ջրի գծերի անցկացման աշխատանքներ», - արձագանքեց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը։
ԿԳՄՍ նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ իրենց դիմումը վերաբերում է լեռան գագաթի վրա շինարարությանը, այլ ոչ լանջերին տարվող աշխատանքներին։
Փրկչի արձանի տեղադրման դեմ բողոքի ակցիա ու ստորագրահավաք նախաձեռնած Գարեգին Միսկարյանն ընդգծում է՝ իրենք հետևողական են լինելու, որպեսզի օրենքները կիրառվեն։ Ստորագրահավաքին արդեն 200 քաղաքացի է միացել, ցանկացողներ դեռ շատ կան. - «Մտադիր էինք էդ ստորագրահավաքը էսօր ուղարկել արդեն Կառավարություն, բայց որոշեցինք, որ պետք է հնարավորություն տրվի մյուս ցանկացողներին նույնպես մասնակցել ստորագրահավաքին»:
Հատիսի տարածքում շինարարական աշխատանքների դադարեցում են պահանջում նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: