«Ամենաթողություն է», - ասում է Քրիստոսի արձանի կառուցման դեմ ստորագրահավաք նախաձեռնած Գարեգին Միսկարյանը՝ արձագանքելով Հատիս լեռան վրա շարունակվող շինարարական աշխատանքներին։
«Սա շատ մեծ խնդիր ա, որը խոսում ա մեր պետության մեջ ամենաթողության մասին, օրենքի չկիրառվելու մասին, այսինքն օրենքի պահանջներին չհետևելու մասին: Մինչև հիմա ոչ մի արձագանք չկա իրավապահ մարմիններից՝ ո՛չ ոստիկանությունից, ո՛չ դատախազությունից, ո՛չ ԱԱԾ-ից, ոչ մի տեղից», - ասաց Միսկարյանը:
Չնայած պետական երկու գերատեսչությունների հայտարարություններին, որ Հատիս լեռան վրա շինարարությունը կասեցվել է, այսօր էլ սարի լանջին շինաշխատանքներ էին ընթանում։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման մասին մեծ շուքով հայտնեց տասն օր առաջ։ Դրանից հետո, սակայն, նախ Մշակույթի, ապա նաև Շրջակա միջավայրի նախարարությունները հայտարարեցին՝ շինաշխատանքները դադարեցված են, քանի դեռ համապատասխան թույլտվություններ չկան։
Մշակույթի նախարարությունը տեղեկացրեց՝ լեռան փեշերին, ընդհանուր առմամբ, առկա են պատմության և մշակույթի պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ, իսկ գագաթին, նախնական տվյալներով, բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց կա։
Գագիկ Ծառուկյան հիմնադրամն էլ հայտարարեց՝ մոնումենտալ արձանի «շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն, այժմ իրականացվում են ճանապարհների, հոսանքի, գազի, ջրի գծերի անցկացման աշխատանքներ»։
Մշակույթի նախարարությունից փորձեցինք պարզել՝ արդյոք չդադարող այս աշխատանքներում խնդիրներ չե՞ն տեսնում, միայն ասացին՝ ճանապարհներն են հարթեցնում, իսկ բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոցը լեռան գագաթին է, չի վնասվում։
Գիտնականները, մինչդեռ, հակառակն են պնդում՝ արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը։
2019-ին այս լեռան տարածքում հայտնաբերված հնավայրը փաստագրած հնագետ Արթուր Պետրոսյանը լեռան տարածքում շարունակվող աշխատանքները խնդրահարույց է համարում.
«Իհարկե, խնդիր կա, եթե այդ ամեն ինչից հետո էլի ինչ-որ բան շարունակվում ա, չգիտեմ, եթե մեր կառավարության համար մեկ ա էդ ամեն ինչը, էդ արդեն մենք չենք կարող էլի», - ասաց Պոտրոսյանը:
Շրջակա միջավայրի նախարարությունից ողջ օրը «Ազատության» զանգերին չպատասխանեցին։
Քրիստոսի արձանի տեղադրման դեմ ստորագրահավաք նախաձեռնողներին Գարեգին Միսկարյանը ու մի խումբ այլ քաղաքացիներ երկու օր առաջ Հատիսի գագաթին նաև բողոքի ակցիա իրականացրին: Այն, որ չնայած պետական կառույցների ու մասնագետների հայտարարություններին, լեռան վրա աշխատանքները չեն դադարել, ըստ Միսկարյանի, ցույց է տալիս, որ Ծառուկյանը վստահ է՝ բոլոր անհրաժեշտ թույլտվություններն ի վերջո ստանալու է:
«Ես գտնում եմ, որ այս պետությունը մեր պետությունն է, հանրության պետությունն է, սա կառավարիչների պետությունը չի, և մենք որպես հանրություն պարտավոր ենք ու դա մեր պարտքն է, որպեսզի հետևողական լինենք ու օրենքները կատարվեն, բոլորի համար լինեն պարտադիր և հավասար», - ասաց Միսկարյանը:
Փրկչի արձանի հիմնարկեքից հետո հայտնի դարձավ, որ Հատիսի գագաթը, հարակից տարածքները Ծառուկյանի սեփականությունն են։ Քրիստոսի արձանի տեղադրման դեմ ստորագրահավաքի պահանջներից մեկը նաև այս գործարքի չեղարկումն է։