Մատչելիության հղումներ

«Ստացվում է, որ մեր երկրում մասնագետները անգրագետ են, կառավարողները ամենագետ են». Համլետ Պետրոսյան


ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյան
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյան

Հնավայր-ամրոցի տարածքում դադարեցնել ցանկացած գործունեություն, որը հակասում է գործող օրենսդրությանը։ Կիրակի կեսգիշերին մոտ Հիսուսի արձանի նախագծի վերաբերյալ այսպիսի անակնկալ հայտարարություն արեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ: Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2019 թ․ հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց», - ասված է հայտարարությունում։

Ըստ նախարարության, նոր հայտնաբերված հնավայր-ամրոցի տարածքում հողի լիցքի ու հարթեցման աշխատանքներ են կատարվել։ Պահանջում են դադարեցնել այդ ամենը, քանի դեռ մասնագիտական ուսումնասիրություն չի արվել։

Ինչո՞ւ է նախարարությունը սթափվել Հիսուսի արձանի նախագծի հանդիսավոր հիմնարկեքի հաջորդ օրը։ Այդ միջոցառմանը Գագիկ Ծառուկյանի կողքին էր էկոնոմիկայի նախարարը՝ «շռնդալից, մեծամաշտաբ ծրագիր է» գովասանքով։

«Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի հիմնարկեքը։ 9-ը հուլիսի, 2022
«Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի հիմնարկեքը։ 9-ը հուլիսի, 2022

Դրանից էլ առաջ կառավարության նիստում Վարչապետ Փաշինյանը ազդարարարեց ՝ Փրկչի արձանի նախագիծը նախնական դրական են գնահատում։ Այդ պահին Փաշինյանից ձախ՝ 7-րդ տեղում նստած էր կրթության նախարարը, որը որևէ առարկություն չհնչեցրեց։

Ինչո՞ւ։ Այսօր հարցին Վահրամ Դումանյանը փիլիսոփայորեն է պատասխանում. - «Եկեք փնտրենք այնտեղ, որտեղ կորցրել ենք, այլ ոչ այնտեղ, որտեղ լուսավոր է»։

«Եթե մենք էդքան երկդիմի ենք, եթե մենք պիտի ռիսկ չանենք ասել այն, ինչ որ մենք մտածում ենք, մանավանդ այն դեպքում, երբ պարտավոր ենք ի պաշտոնե, ես որևէ բան չունեմ ասելու, նշանակում է մենք չունենք համապատասխան քաղաքականություն վարող իշխանություն», - ասում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Նա տարակուսած է՝ ինչպե՞ս է գործադիրի ղեկավարը ճամփա հարթում մի նախագծի համար, որը օրենքի պարզ խախտում է։ Հատիսը Հայաստանի բնության հուշարձանների ցանկում է, այդտեղ արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը։

Պետրոսյանը ոչ մի կասկած չունի, որ Հատիսի բացառիկ հնավայրը, եթե Հիսուսի նախագիծն իրականություն դառնա, ավերվելու է։ Ավելին՝ այն արդեն ավերվել է. - «Ամրոցի տարածքի մի զգալի մասը բերել են հողով ծածկել, հարթակ են սարքել, և էդ շերտերը մնացել են տակը, մի քանի տեղ ճանապարհը անց են կացրել պարիսպների վրայով։ Միանշանակ է, որ այդ շինարարությունը շարունակելու դեպքում, այնտես ոչինչ չի մնալու»։

Պրոֆեսոր Պետրոսյանը սխալ ու անզգույշ է որակում կառավարության ղեկավարի դիրքրոշումն այս հարցում։ Նա հիշեցնում է այն, ինչ Մայր Աթոռը ավելի վաղ էր հնչեցրել՝ Հայ առաքելական եկեղեցու քաղաքակրթական դիմագիծը արձաններ չի ընդունում, չկա այդպիսի ավանդույթ։

«Եթե, իհարկե, կրոնական նոր ուղղություն չի առաջացել Հայաստանում», - հեգնում է պրոֆեսորը. - «Սահմանադրության մեջ հստակ գրված է Հայ եկեղեցում առանձնահատուկ դերի մասին։ Ինչ եք կարծում, երկրի ղեկավարը քաղաքականություն վարելիս չպիտի՞ Սահմանադրության այդ կետը [հաշվի առնի]... Եկեղեցին, անկախ որևէ մեկի վերաբերմունքից, մեր Սահմանադրությամբ, ամենաազդեցիկ, կրոնական ասեմ, հավատային ասեմ, կառույցն է»։

Հատիսի գագաթին հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը հետևեցին արձագանքներ նաև զբոսաշրջային ընկերություններից։ Այստեղ էլ գնահատականը նույնն է՝ Հատիսն ակտիվ արշավական ուղղություն է, պատմական ու բնապահպանական միջավայրը ավերել չի կարելի։

«Ստացվում է, որ մեր երկրում մասնագետները անգրագետ են, կառավարողները ամենագետ են», - դարձյալ տարակուսում է Համլետ Պետրոսյանը։

Այսօր հայտարարություն է տարածել նաև «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը։ Գրել են՝ մոնումենտալ արձանի «շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն, այժմ իրականացվում են ճանապարհների, հոսանքի, գազ,ի ջրի գծերի անցկացման աշխատանքներ»։ Հիմնադրամի հայտարարությունից պարզ է դառնում, որ, չնայած մի շարք ընթացակարգերի խախտումներին, շինարարությունը կանգ չի առել։

Հետաքննող լրագրողների «Հետք» էլեկտրոնային պարբերականը բացահայտել է, որ «Ծառուկյան» հիմնադրամը երկու ամիս առաջ դարձել է Հատիսի լեռնագագաթի սեփականատերը։ Շամիրամի ամրոցը հենց գագաթին է։

«Ազատության» փոքրիկ հարցախույզի ընթացքում արձանի տեղադրման կողմ և դեմ քաղաքացիների թիվը գրեթե հավասար էր։

XS
SM
MD
LG