Մատչելիության հղումներ

Քանի որ հակասում է Հայ առաքելական եկեղեցու ավանդույթին, արձանի տեղադրումը պիտի մերժելի լինի յուրաքանչյուրի կողմից․ ճարտարապետ


Քանի որ Քրիստոսի արձանի տեղադրումը հակասում է Հայ առաքելական եկեղեցու ավանդույթին, յուրաքանչյուր հայ մարդու կողմից պիտի մերժելի լինի, «Ազատության» հետ զրույցում ասաց Մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանը։

Գալստյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ինչպե՞ս եք ինքնին գնահատում այդ մտահղացումը՝ կանգնեցնել Քրիստոսի արձանը։

Գալստյան․ - Քանի որ հակասում է Հայ առաքելական եկեղեցու ավանդույթին, կարծում եմ, այստեղ այլ կարծիք լինել չի կարող՝ յուրաքանչյուր հայ մարդու կողմից պիտի մերժելի լինի։

«Ազատություն»․ - Դուք նկատի ունեք Մայր աթոռի դիրքորոշումը և դրանո՞վ եք առաջնորդվում՝ ասելով ավանդույթ։

Գալստյան․ - Ոչ միայն Մայր աթոռի գերագույն խորհրդի հայտարարությանն է վերաբերվում հարցը, այլ նաև դարերով մշակված ավանդույթի մասին է խոսքը, որի մասին հայոց եկեղեցու պատմությանը փոքր ինչ տիրապետող մարդ տեղյակ է դրա մասին և Գերագույն խորհրդի հայտարարությունն այդ տրամաբանության շրջանակներում էր։

«Ազատություն»․ - Գլխավոր փաստարկը, որ դրա հեղինակները բերում են՝ «սա եկեղեցի չէ, սրբատեղ չէ, ուխտավայրի չի վերածվելու», համայն մարդկությունը գիտի՝ Քրիստոսն առնվազն հակաքրիստոնեական չէ, ինչո՞ւ՝ ոչ։

Գալստյան․ - Եթե Քրիստոսի արձանի փոխարեն լիներ կամայական մարդու արձան, նույնիսկ եթե լիներ եկեղեցու հետ առնչություն ունեցող մարդու արձան, ես դեմ չէի արտահայտվի, օրինակ՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը, ես դրան դեմ չէի լինի, կամ այդ ավանդույթը դրան չէր հակասի, բայց այս դեպքում լուրջ խնդիր է առաջանում։

«Ազատություն»․ - Մյուս կողմից դա միայն ավանդույթ է, պարոն Գալստյան, և արդյո՞ք դա խախտելն այդպես կրքեր կարող է բորբոքել, կամ ավելին ասեմ՝ անագրել, նսեմացնել մարդկանց հավատքը, քրիստոնեական զգացմունքները։

Գալստյան․ - Միանշանակ, որորվհետև յուրաքանչյուր եկեղեցի ունի իր սիմվոլիկան և դրանք պահպանելը շատ կարևոր է։ Կաթոլիկ եկեղեցին ունի իր սիմվոլիկան, Ուղղափառ եկեղեցին՝ իր սիմվոլիկան, էդ սիմվոլիկաներով եկեղեցիները տարբերվում են միմյանցից և դրանց խախտումը շատ լուրջ խնդիր է առաջացնում։ Օրինակ, եթե մենք ուսումնասիրենք Ուղղափառ եկեղեցուն ամբողջ աշխարհում, այսինքն՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Բուլղարիա, Սերբիա, բոլոր երկրներին վերցնենք, այնտեղ չկա որևէ տեղադրված արձան, որովհետև Ուղղափառ եկեղեցին մերժում է արձանի տեղադրումը, նրանք ունեն սրբապատկերների պաշտանմունք և այդ ավանդույթը պահպանելը շատ կարևոր է որպեսզի ինքնությունը պահպանի եկեղեցին։

«Ազատություն»․ - Հայաստանն ի վերջո աշխարհիկ պետություն է և եկեղեցին, այո՛, Սահմանադրությամբ ունի ինչ-որ առանձնաշնորհյալ դերակատարում, բայց միևնույն է չի կարող պետության գործերին միջամտել։

Գալստյան․ - Միանշանակ Հայաստանն աշխարհիկ երկիր է, դրա հետ վիճելու կարիք չկա, եթե այդ արձանը տեղադրվեր Կաթոլիկ եկեղեցու կողմից, օրինակ՝ Մխիթարյան միաբանության կողմից, իհարկե այստեղ ասելիք չէինք ունենա, բայց այս արձանի տեղադրությունը փորձում է ներկայացվել որպես Առաքելական եկեղեցու մաս։

«Ազատություն»․ - Ամենևին, ընդամենն, ասում է՝ «արձան է, եկեղեցուն դուր չի գալիս, թող դուր չգա»։

Գալստյան․ - Ես, ճիշտն ասած, հարց բարձրացրեցի հանձնաժողովի նախագահի մոտ, որ եթե չընդունվի Առաքելական եկեղեցու կողմից, ինչը փաստ է, հայտարարույթունից հետո Գերագույն խորհուրդի ակնհայտ է, որ չի ընդունվի, էդ արձանի հետ ի՞նչ պիտի լինի, էդ հարցը տենց մնաց, այսինքն՝ իրենք չասեցին, որ չի ընդունվի։

«Ազատություն»․ - Մնալու է որպես մոնումենտալ աշխատանք, դա չի լինելու աղոթատեղ, սրբատեղ։

Գալստյան․ - Ամեն դեպում Առաքելական եկեղեցին չի օծի դա, արդեն լավ է, ավանդույթներին չի հակասի, բայց ինչքանով է դա նպատակահարմար, այլ հարց է։

«Ազատություն»․ - Արձանի նախագիծն ինչպե՞ս եք գնահատում, Արմեն Սամվելյանի աշխատանքն է։

Գալստյան․ - Ինձ համար տարօրինակ է շատ, որ արձանի մրցույթ էր հայտարարվել՝ առանց տեղը որոշելու նախօրոք։ Այսինքն՝ մարդիկ, քանդակագործները պետք է քանդակեին մի բան՝ առանց հասկանալու, թե ինչ միջավայրում է տեղադրվելու։ Հենց նույն աշխարհում երևի ամենահայտնի Քրիստոսի արձանը Ռիոյի, գեղեցիկ է հենց էդ դիրքում, էդ միջավայրում։

«Ազատություն»․ - Նախատեսված է եղել հենց այդ միջավայրի համար։

Գալստյան․ - Հա միանշանակ, ու թե՛ օրիենտացիան, այսինքն՝ հարավը հյուսիսի նկատմամբ, թե ինչ դիրքով է տեղադրված, այսինքն լույսը ստվերի տեսանկյունից, թե՛ միջավայրի մասշտաբները, որում գտնվում են, նախատեսվել է էդ տարածքի համար։ Հիմա վերացական՝ առանց տեղն իմանալու, ինչպես կարելի էր նախագծել արձանը, ինչպես կարելի էր ստեղծել մակետ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Փրկչի արձանը տեղադրելու մտադրության մասին հայտարարեց այս տարվա հունվարին։ Հայ առաքելական եկեղեցին մի քանի անգամ բարձրաձայնեց՝ Քրիստոսի արձանի տեղադրումը հայ եկեղեցուն հարիր չէ։ ԲՀԿ առաջնորդը, սակայն, մտադրությունից չհրաժարվեց: Արձանի նախագծի մրցույթ հայտարարվեց։ 12 քանդակների շարքում ամենաշատ ձայները ստացավ Արմեն Սամվելյանի տարբերակը։

Հուլիսիս 9-ին մեկնարկեց արձանի շինարարությունը․ 33 մետրանոց արձանը կտեղադրվի 44 մետրանոց պատվանդանի վրա ու այդ ամենը կտեղադրվի Հատիս լեռան բարձունքին։ Հայաստանի վարչապետը կառավարության վերջին նիստում այս նախաձեռնությունը դրական գնահատեց, որովհետև կարծում է՝ Հիսուսի արձանը կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը: Սակայն Մշակույթի նախարարությունը պահանջեց դադարեցնել Հատիս լեռան տարածքում ցանկացած գործունեություն՝ մինչև նախագծի ներկայացումը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG