Մատչելիության հղումներ

Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունն այս պահին կասեցված է. ՇՄ նախարարություն


«Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։ Այս մասին հայտնում է նախարարությունը` հավելյալ տեղեկացնելով նաև, որ հիմնադրամի կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է:

«Դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո», - ասված է ՇՄՆ-ի հաղորդագրության մեջ։

Նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտական եզրակացություն կտա համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո։

Հատիս լեռը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։

Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահը Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։ Վարչապետ Փաշինյանը ազդարարել էր նաև` փրկչի արձանի նախագիծը նախնական դրական են գնահատում:

Ավելի վաղ` նախագծի հանդիսավոր հիմնարկեքի հաջորդ օրը, ԿԳՄՍՆ-ն անընդունելի էր համարել «Հիսուս Քրիստոս» արձանի գաղափարը, միևնույն ժամանակ պահանջել դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Փրկչի արձանը տեղադրելու մտադրության մասին հայտարարեց այս տարվա հունվարին։ Հուլիսիս 9-ին տրվել էր արձանի շինարարության մեկնարկը:

XS
SM
MD
LG