Մատչելիության հղումներ

ԿԳՄՍՆ-ն պահանջում է դադարեցնել Հատիս լեռան տարածքում ցանկացած գործունեություն՝ մինչև նախագծի ներկայացումը


«Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկը, 9-ը հուլիսի, 2022
«Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկը, 9-ը հուլիսի, 2022

Մշակույթի նախարարությունն ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում՝ մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը։

Նշելով, որ թեև «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից ստացել են արձանի տեղադրմանը վերաբերող գրությունը և պատասխանել, որ «… քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել օրենքը և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»՝ նախարարությունը շեշտում է՝ այդուամենայնիվ հիմնադրամից նախագիծ չի ներկայացվել:

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է նաև, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ:

Ծառուկյանի, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղարի ստորագրությամբ շինարարության մեկնարկի փաստաթղթի կրկնօրինակը Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը շինարարական փոսի մեջ է դնում, 9-ը հուլիսի, 2022թ․
Ծառուկյանի, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղարի ստորագրությամբ շինարարության մեկնարկի փաստաթղթի կրկնօրինակը Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը շինարարական փոսի մեջ է դնում, 9-ը հուլիսի, 2022թ․

Նախարարությունը հիշեցնում է՝ Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ, իսկ դեռևս 2019-ին հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց, իսկ համաձայն օրենքի, այն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը`օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով», - ասված է նախարարության պարզաբանման մեջ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Փրկչի արձանը տեղադրելու մտադրության մասին հայտարարեց այս տարվա հունվարին։ Հայ առաքելական եկեղեցին մի քանի անգամ բարձրաձայնեց՝ Քրիստոսի արձանի տեղադրումը հայ եկեղեցուն հարիր չէ։ ԲՀԿ առաջնորդը, սակայն, մտադրությունից չհրաժարվեց: Արձանի նախագծի մրցույթ հայտարարվեց։ ԲՀԿ առաջնորդը պահանջներ ներկայացրեց․ - «33 մետր լինի միայն արձանը՝ իր ապրած տարիքը, իսկ մնացածն արդեն մենք կնայենք՝ կլինի 65 մետր, 77, որը ըստ նախագծերի, ըստ չափերի պետք է պահապան լինի մեր երկրին, մեր ժողովրդին»։​ 12 քանդակների շարքում ամենաշատ ձայները ստացավ Արմեն Սամվելյանի տարբերակը։

Հուլիսիս 9-ին մեկնարկեց արձանի շինարարությունը․ 33 մետրանոց արձանը կտեղադրվի 44 մետրանոց պատվանդանի վրա ու այդ ամենը կտեղադրվի Հատիս լեռան բարձունքին։ Հայաստանի վարչապետը կառավարության վերջին նիստում այս նախաձեռնությունը դրական գնահատեց, որովհետև կարծում է՝ Հիսուսի արձանը կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG