Մադրիդում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որը 73-ամյա արևմտյան ռազմական դաշինքի վերջին տասնամյակների թերևս կարևորագույն հավաքն է։
Կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով` Մադրիդի գագաթնաժողովը պատմական և վճռորոշ է լինելու ՆԱՏՕ-ի համար․ դաշինքը մտադիր է նոր ռազմավարական հայեցակարգ ընդունել: Այն կկոչվի «մադրիդյան հայեցակարգ», որն էլ կդառնա ՆԱՏՕ-ի գործողությունների ծրագիրը հաջորդ տասնամյակների համար։ Այս փաստաթղթում, ինչպես տեղեկացրել է Ստոլտենբերգը, երբեմնի գործընկեր Ռուսաստանն այսուհետ կլինի դաշինքի անվտանգության ուղղակի սպառնալիք, հակառակորդ։
Աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքը, որը բաղկացած է 30 անդամ երկրներից, և որոնցից 3-ը՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, միջուկային զենք ունեն, բազմիցս հավաստիացրել է` Ռուսաստանի հետ պատերազմել չի ցանկանում։ Արևմտյան դաշինքը պնդում է՝ Ռուսաստանն է ընտրել առճակատման ուղին:
«Ռուսաստանը հրաժարվել է գործընկերությունից և երկխոսությունից, որը մենք առաջարկում ենք տարիներ շարունակ։ Երկխոսության փոխարեն նրանք ընտրեցին առճակատումը, մենք ցավում ենք դրա համար, բայց պետք է արձագանքել նոր իրողություններին», - հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը։
Առաջիկայում կավելանա դաշինքի արևելյան թևի զինվորականների թիվը
ՆԱՏՕ-ի սահմանների հարևանությամբ Ռուսաստանի ռազմական արշավի ֆոնին` ռազմական դաշինքը մտադիր է ամրապնդել իր պաշտպանունակությունը, բարձրացնել մարտական պատրաստությունը։ Ստոլտենբերգի խոսքով` առաջիկայում կավելանա դաշինքի արևելյան թևի զինվորականների թիվը՝ հասնելով մինչև ավելի քան 300 հազարի, ներառյալ` ցամաքային, ռազմածովային և օդային ստորաբաժանումները, որոնք կարող են տեղակայվել կարճ ժամանակում հնարավոր հարձակումը հետ մղելու համար։ Այս պահին այդ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի թիվը ընդամենը մի քանի տասնյակ հազարի է հասնում։ Մարտական ստորաբաժանումները տեղակայված են Ռուսաստանին սահմանակից երկրներում՝ Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Լեհաստանում: Առաջիկայում, ըստ ռազմական կառույցի ղեկավարության, զորամիավորումներ կտեղակայվեն նաև Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում։
«Վստահ եմ, որ Մոսկվան և նախագահ Պուտինը հասկանում են մեր հավաքական անվտանգության երաշխիքների նշանակությունը և տեղյակ են ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակման հնարավոր հետևանքների մասին», - ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Հյուսիսատլանտյան ռազմական կառույցի ղեկավարությունը իր ամենամեծ մարտահրավերներից է համարում վերջին չորս ամիսների Ուկրաինայի պատերազմը` ինչպես օգնել Կիևին պաշտպանվել Ռուսաստանից և փորձել կանխել պատերազմի ընդլայնումը։ Փետրվարից ի վեր ՆԱՏՕ-ն շարունակաբար զենք է մատակարարել Ուկրաինային և պատրաստվում է առաջիկա օրերին էլ որոշել ռազմական նոր օգնության փաթեթի պարունակությունը, ինչպես նաև հստակեցնել՝ մինչև երբ են օգնելու Ուկրաինային։ Այս հարցն արդիական է դառնում Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում։
Մեկ այլ առանցքային հարցը Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունն է
Մադրիդյան գագաթնաժողովի օրակարգի մյուս առանցքային հարցը Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունն է։ Սկանդինավյան չեզոք երկրները ռազմական դաշինքի անդամակցության անհրաժեշտություն են տեսել հարևան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումից հետո։ Վաշինգտոնի գլխավորած ռազմական դաշինքում համոզված են, որ Եվրամիության զարգացած այդ պետությունների մուտքը էլ ավելի կամրապնդի կառույցը։ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությամբ Բալթիկ ծովը փաստացի կդառնա «ՆԱՏՕ-ի լիճ», որը սահմանակից է ութ անդամ երկրներին:
Անկարան, սակայն, դեմ է այս հեռանկարին։ Թուրքիայի իշխանությունները սպառնում են արգելափակել Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցությունը` պնդելով, որ այդ երկրներն աջակցում են իր թշնամիներին՝ ի դեմս քրդական խմբավորումների, որոնց Էրդողանի վարչակազմը համարում է ահաբեկիչներ։ Թուրքիան Շվեդիայից նաև պահանջում է չեղարկել ավելի վաղ սահմանված զենքի էմբարգոն:
ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, արևմտյան առաջնորդները շաբաթներ շարունակ ապարդյուն փորձում էին նվազեցնել Թուրքիայի և սկանդինավյան երկու պետությունների միջև տարաձայնություները։ 1953 թվականից ՆԱՏՕ-ին անդամակցող և այդ դաշինքի մեծությամբ երկրորդ բանակի ղեկավարը` Ռեջեփ Էրդողանը հավաքի նախաշեմին կրկին պնդել է՝ եթե Ֆինլանդիան և Շվեդիան ցանկանում են մաս կազմել կազմակերպությանը, ապա պետք է հաշվի առնեն Թուրքիայի անվտանգության խնդիրները, այլ կերպ չի կարող լինել։
ՆԱՏՕ-ի ընդլայնումը Մոսկվային ստիպում է էլ ավելի ամրապնդել իր սահմանները. Մեդվեդև
ՆԱՏՕ-ին անդամակցելու սկանդինավյան երկրների որոշմանը Անկարայի պես բացասական է արձագանքում նաև Մոսկվան։ Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը այսօր իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով հարցին, ասել է, թե ՆԱՏՕ-ի ընդլայնումը Մոսկվային ստիպում է էլ ավելի ամրապնդել իր սահմանները։
«Մեր «Իսկանդերները», հիպերձայնային հրթիռները, միջուկային զենքով ռազմանավերը ձեր տան շեմին ունենալը լավագույն հեռանկարը չէ: Քչերին է գոհացնում այն հանգամանքը, որ վճարվող հարկերն այժմ ուղղվելու են ոչ թե բարեկարգման և մարդասիրական ծրագրերին, այլ ՆԱՏՕ-ի հովանու ներքո պաշտպանական նպատակներին»,- Аргументы и Факты ռուսաստանյան պարբարականի հետ զրույցում ասել է Մեդվեդևը: