Մատչելիության հղումներ

Մեդվեդև. ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է հանգեցնել երրորդ աշխարհամարտին


ՌԴ ԱԽ նախկին փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
ՌԴ ԱԽ նախկին փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, եթե Կիևը հետագայում փորձի ոտնձգություն կատարել Ղրիմի դեմ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը "Аргументы и факты" պարբերականին տված հարցազրույցում։

«Ղրիմի նկատմամբ ոտնձգության ցանկացած փորձ նշանակում է պատերազմ հայտարարել մեր երկրին: Եվ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիրն անի դա, ապա դա հակամարտություն է ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Երրորդ համաշխարհային պատերազմ: Տոտալ աղետ», - ասել է Մեդվեդևը:

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության առնչությամբ Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանին առանձնապես նոր բան չի սպառնում: «Ռուսաստանի հետ այդ երկրների ավելի վաղ ունեցած հարաբերությունները կարելի է անվանել բավականին հարգալից և փոխշահավետ», - նշել է ՌԴ նախկին նախագահը՝ հավելելով, որ սկանդինավյան երկու երկրների հետ տարածքային վեճեր և դրանց համար առիթներ չկան:

Մեդվեդևը խոսել է նաև Լիտվայի մասին, որը մեկ շաբաթ առաջ դադարեցրեց Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքների տարանցումն իր տարածքով դեպի Ռուսաստանի Կալինինգրադի մարզ։

«Ռուսաստանը, բնականաբար, պատասխան քայլեր կձեռնարկի, և դրանք կլինեն շատ կոշտ, դեռ չեմ հստակեցնի, թե կոնկրետ ինչ կլինի: Շատ հնարավորություններ կան, դրանց զգալի մասը տնտեսական բնույթի է և ունակ է փակել թթվածինը մեր Բալթյան հարևանների համար, որոնք թշնամական գործողություններ են ձեռնարկել», - հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG