Մատչելիության հղումներ

Գիտանաս Նաուսեդա. «Լիտվան պատրաստ կլինի, եթե Ռուսաստանը դադարեցնի էներգամատակարարումը»


Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, արխիվ, Վիլնյուս
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, արխիվ, Վիլնյուս

Լիտվան պատրաստ կլինի, եթե Ռուսաստանը Կալինինգրադ սանկցիոն բեռի փոխադրման արգելքի կապակցությամբ որոշի դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այդ մասին այսօր ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Միաժամանակ նա նշել , թե չի կարծում, որ Կալինինգրադի խնդիրը կհանգեցնի ռազմական առճակատման:

Այդպես նա արձագանքել է Մոսկվայի հայտարարություններին, թե «Ռուսաստանն անպայման ցավոտ պատասխան կտա Լիտվայի թշնամական ակցիային»:

«Մենք սոսկ կատարում ենք Եվրոպական միության մակարդակով ընդունված որոշումները, և սա որևէ առնչություն չունի ռուս-լիտվական երկկողմ հարաբերությունների հետ: Մենք պատրաստվում ենք կատարել նաև պատժամիջոցների հետ կապված հաջորդ որոշումները: Շատ լավ կլինի, որ Եվրոպական հանձնաժողովը բացատրի ռուսներին այդ հարցերը, դա, հավանաբար, կնվազեցնի ներկայիս լարվածությունը, որը չի բխում ոչ Եվրամիության և ոչ էլ Ռուսաստանի շահերից»,- ասել է Նաուսեդան:

Լիտվան արգելել է իր տարածքով Ռուսաստանից Կալինինգրադ և հակառակ ուղղությամբ փոխադրել սանկցիոն ցանկում հայտնված ապրանքատեսակները, նշելով, որ այլ տեսակի բեռը հնարավոր է անարգել փոխադրել:

Կալինինգրադը շրջան է, որը Ռուսաստանի մայր տարածքից անջատված է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամներ Լիտվայի և Լեհաստանի տարածքով:

Ռուսաստանը սպառնացել է հարկ եղած դեպքում դադարեցնել Բալթյան երեք երկրների էներգամատակարարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG