Մատչելիության հղումներ

Լրացավ ռուս-ուկրաինական պատերազմի 3-րդ ամիսը


Պատերազմի երեք ամիսը լրանալու կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսուղերձով է հանդես եկել։

«Սրանք ռուս օկուպանտների ռազմական հանցագործությունների երեք ամիսներն են։ Նրանց հարվածների, ավերածությունների ու շրջափակումների երեք ամիսը և սեփական երկիրը պաշտպանող մեր ժողովրդի զանգվածային սխրանքների երեք ամիսը», - ասել է նա։

Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում ավելի քան 30 հազար ռուսաստանցի զինվոր է սպանվել, ոչնչացվել է 200 օդանավ, հազարավոր տանկեր, զրահամեքենաներ և այլ տեխնիկա։ Գրեթե ամբողջովին սպառվել են հրթիռների պաշարները։

Զելենսկին ասել է, որ Դոնբասում ծայրահեղ բարդ իրավիճակ է․ «Ռուսական բանակի ամբողջ հզորությունը, ինչը դեռ մնացել է, նետվել է Դոնբասի հարձակման համար»։

Նրա ներկայացմամբ՝ Ուկրաինային որքան հնարավոր է շատ զենք է անհրաժեշտ, հատկապես ծանր սպառազինություններ՝ համազարկային կրակի ռեակտիվ միջոցներ, տանկեր, ռազմանավերի դեմ հրթիռներ ու այլ սպառազինություններ։

«Դա լավագույն ներդրումն է աշխարհում կայունության համար և կանխելու բազմաթիվ ուրիշ ծանր ճգնաժամերը, որ Ռուսաստանը պլանավորում է կամ արդեն հրահրել է»,- նշել է նա։

Իր տեսաուղերձում Զելենսկին ասել է, թե 1016 ուկրաինական բնակավայրեր արդեն ազատագրվել են՝ հույս հայտնելով, որ Ուկրաինայի օկուպացված բոլոր տարածքները կազատագրվեն։

«Ինչ էլ Ռուսաստանը հայտարարի, օկուպանտները ստիպված են լինելու հեռանալ նաև Ղրիմից, ինչպես և Խերսոնից, Մելիտոպոլից, Էներգոդարից, Մարիուպոլից և մյուս քաղաքներից ու համայնքներից, որտեղ նրանք տիրոջ պես են իրենց զգում։ Այնտեղ նրանք հաստատ տեր չեն լինի երբեք», -ընդգծել է նա։

Ուկրաինայի նախագահը տեսակապով մասնակցել է նաև Դավոսի տնտեսական համաժողովում «ուկրաինական նախաճաշի» շուրջ հանդիմանը՝ համոզմունք հայտնելով, որ միևնույն է՝ պատերազմից հետո խաղաղ գործընթաց է լինելու, բայց դեռ հայտնի չէ Ռուսաստանի որ նախագահի հետ։ Նա բանակցությունները հնարավոր է համարել, եթե Ռուսաստանը որևէ քայլ կատարի, օրինակ՝ հետ քաշի զորքերը մինչև փետրվարի 24-ի դրությամբ բնագծերը, այսինքն՝ վերադառնա այն իրավիճակին, ինչը կար մինչև Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա։

Մոսկվան դա նախապայման է գնահատել։ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խոսքերով՝ այդ հայտարարությունը դժվար թե հնարավոր է կառուցողական գնահատել։ «Կցանկանայի հիշեցնել, որ Ուկրաինան ակտիվորեն մասնակցում էր բանակցություններին գործնականում հատուկ գործողության առաջին օրվանից և որևէ պայման չէր դնում։ Հիմա, երբ նրանք պայման են դնում, դա մեզ ստիպում է կասկածել խաղաղ լուծում գտնելու նրանց ցանկության անկեղծությանը»,- ասել է Ռուդենկոն։

Ներկայումս ռուս-ուկրաինական պատերազմում ամենածայրահեղ ծանր իրավիճակը Սևերոդոնեցկում է։ Ռուսական ուժերը այքան են մոտեցել քաղաքին, որ կարողանում են անգամ նռնականետերով ռմբահարել քաղաքը։

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը ուկրաինական հեռուստաընկերությանն ասել է, որ Սևերոդոնեցկը զանգվածային հրետակոծության տակ է։ «Քաղաքը ավիրում են շուրջօրյա․ ռումբեր են նետում օդանավերից, օգտագործում են «Գրադ», «Սմերչ» (համազարկային համակարգեր) ու հրետանի»,- հայտարարել է նա։ Ռուսական զորքերին նա մեղադրել է նաև «Ազոտ» գործարանը հրետակոծելու համար, որի տարածքում խաղաղ բնակիչներ են թաքնվել ռմբակոծություններից։

Սեգեյ Գայդայն ասել է, որ հաջորդ մի քանի օրերը Սևերոդոնեցկի համար կրիտիկական կլինեն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենոկվը այսօր հայտնել է, որ գերճշգրիտ հրթիռներով Զապորոժիեում ոչնչացվել է «Մոտոր-Սիչ» գործարանի արտադրամասը, որտեղ ռազմական ավիացիայի համար շարժիչներ էր արտադրվում։ Նա նշել է, որ ռուսական ուղղաթիռներն ու օդանավերը ոչնչացրել են զինամթերքի երկու պահեստ, 46 միավոր ռազմական տեխնիկա և ուկրաինացի 300 զինծառայողների։

Նշենք, որ պատերազմական պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Բրիտանական Guardian-ը հայտնում է, որ Մարիուպոլում ռուսական ուժերին հանձնված «Ազով» ջոկատի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն կարճատև հեռախոսազրույց է ունեցել կնոջ հետ։ Հեռախոսազորւյցը կայացել է Կարմիր խաչի մինջնորդությամբ, Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների համաձայնությամբ։ Պրոկոպեկոն հայտնել է, որ վիրավոր զինվորների մեծ մասը պահվում է Ելենովկայի բանտում։ Ծանր վիրավորների փոքր խումբը մնում է Նովոազովսկի հիվանդանոցում։ Հրամանատարի կինը Guardian-ին ասել է, որ Ազովի գերիներին բավարար պայմաններում են պահում, նրանց կերակրում են, ջուր տալիս։ Ինչ կլինի հետո՝ չգիտեն, բայց տվյալ պահաին կա նաև երրորդ կողմը՝ ՄԱԿ-ը, Կարմիր խաչը, որ վերահսկում են իրավիճակը։

«Նա ասաց, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, և հարցրեց՝ ես ինչպե՞ս եմ», - ասել է Կատերիան Պրոկոպենկոն։

Կապն ընդհատվել է, մինչ «Ազովի» հրամանատարը կհասցներ ավելի մանրամասն պատմել իր վիճակի մասին։

Լրացավ ռուս-ուկրաինական պատերազմի 3-րդ ամիսը
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG