Ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը վստահ է՝ Ռուսաստանին արվող տարածքային զիջումները խաղաղության հաստատման գին հանդիսանալ չեն կարող, անգամ եթե դա հանգեցնի անկախության զգալի սահմանափակման կամ նույնիսկ կորստի։ Դա են վկայում Կիևում գործող Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի՝ նախօրեին հրապարակած հետազոտության արդյունքները։
Դրանց համաձայն, մայիսի 13-18-ը երկրի ողջ տարածքում անցկացված հարցման մասնակիցների 82 տոկոսը պնդել է՝ «Ուկրաինան որևէ պարագայում չպետք է հրաժարվի իր տարածքներից, անգամ եթե դրա հետևանքով պատերազմն ավելի ձգձգվի և անկախության կորստի սպառնալիք ի հայտ գա»։ Հարցվածների միայն 10 տոկոսն է նշել, որ հանուն խաղաղության հաստատման և անկախության պահպանման կարելի է և հրաժարվել ուկրաինական որոշ երկրամասերից։
Ուշագրավ է, ի դեպ, որ զիջումների հակառակորդների թվի աճը ուղիղ համեմատական է ռազմաճակատից հեռավորությանը։ Այսպես, Ուկրաինայի արևմտյան մարզերում, որտեղ ռազմական գործողություններ չեն ընթանում, տարածքային զիջումների օգտին է հանդես գալիս բնակչության միայն 8 տոկոսը։ Պատերազմից առավել տուժած արևելքում զիջումների կողմնակիցների թիվը հասնում է 19 տոկոսի։
Ուկրաինացի սոցիոլոգները նաև փորձել են պարզել, թե պատերազմի երրորդ ամսում ինչպես է վերաբերվում երկրի բնակչությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներին։ «Ի տարբերություն տարածքային զիջումների՝ այս հարցում ուկրաինական հանրությունը երկփեղկված է», - պնդում են հարցման հեղինակները։
«Անվտանգության միջազգային երաշխիքները կարո՞ղ են արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցությանը համարժեք այլընտրանք լինել», - հարցին դրական է պատասխանել հարցված ուկրաինացիների 42 տոկոսը՝ նշելով, որ այդ երաշխիքները պետք է տրվեն արևմտյան առաջատար պետությունների՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից։ 39 տոկոսի համոզմամբ էլ՝ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու միակ տարբերակը ՆԱՏՕ-ին մաս կազմելն է։
Ինչպես և զիջումների դեպքում, այս հարցում ևս Ուկրաինայի արևմուտքի և արևելքի բնակիչների մոտեցումներում տարբերություններ կան։ Եթե երկրի արևմտյան մարզերում բնակչության միայն 35 տոկոսն է համաձայն հրաժարվել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու գաղափարից՝ գործուն միջազգային երաշխիքների դիմաց, ապա արևելքում այս մոտեցմանը կողմ է ամեն երկրորդը։