Փարիզում հայտարարում են, որ Ուկրաինայի ԵՄ անդամակցության գործընթացը կարող է տասնամյակներ տևել։ Նախօրեին այս մասին, ֆրանսիական ռադիոկայաններից մեկի եթերում, նշել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը։
«Եթե մենք պնդում ենք, որ Ուկրաինան ԵՄ անդամ է դառնալու վեց ամսից, մեկ կամ երկու տարի հետո, ապա մենք ստում ենք։ Դա շատ ժամանակատար պրոցես է, և ես չէի ցանկանա, որ մենք զբաղվենք պատրանքներ ներշնչելով։ Նման սուտը կարող է հիսաթափություն առաջացնել ուկրաինացիների մի ողջ սերնդի մոտ», - հայտարարում էր ֆրանսիացի պաշտոնյան՝ հավելելով, որ Կիևի անդամակցությունը եվրոպական ընտանիքին կարող է տևել 15-ից 20 տարի։
«Այդ ընթացքում մենք Ուկրաինային պետք է համագործակցության մեկ այլ ձևաչափ առաջարկենք։ Խոսքը, մասնավորաբար, այն մեխանիզմի մասին է, որ առաջարկում էր նախագահ Մակրոնը», - հայտարարել է Բոնը։
Շաբաթներ առաջ Ֆրանսիայի նախագահն առաջարկել էր «եվրոպական քաղաքական համագործակության նոր կազմակերպություն ստեղծել, որին կանդամակցի նաև Ուկրաինան»։
Մեկնաբանելով Մակրոնի այդ առաջարկը՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին նշել էր որ «Ուկրաինայի ԵՄ անդամակցության այլընտրանքը փոխզիջումն է Պուտինի հետ»։