Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակները մեկնում են Անկարա


Ֆինլանդիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Պեկկո Հաավիստոյի և Մևլյութ Չավուշօղլուի համատեղ ասուլիսը Անկարայում, արխիվ
Ֆինլանդիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Պեկկո Հաավիստոյի և Մևլյութ Չավուշօղլուի համատեղ ասուլիսը Անկարայում, արխիվ

Այսօր Անկարա են մեկնում ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր ներկայացրած սկանդինավյան երկու երկրների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակները: Այդ մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում երեկ ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն:

Պատվիրակները պետք է փորձեն պարզել ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրում Անկարայի ներկայացրած առարկությունների պատճառները և հարթել դրանք:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր շարունակ պնդում է, որ հավանություն չի տա Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ, ըստ նրա, այդ երկու երկրներն ապաստան են տրամադրում Քրդական բանվորական կուսակցության ակտիվիստներին և Ամերիկայում բնակվող կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին:

Պեկկա Հաավիստոն երեկ նշել է, թե այս տարվա գարնանն արդեն երկու անգամ եղել է Թուրքիայում և զրուցել է իր «լավ գործընկեր» Մևլյութ Չավուշօղլուի հետ:

«Այդ քննարկումներում, ըստ էության, որևէ խնդիր չէր ծագել, և հիմա, երբ տեսնում ենք, որ դրանք կան, պատվիրակություններ ենք գործուղում», - ասել է Ֆինլանդիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ֆինլանդիան և Շվեդիան տասնամյակներ շարունակ՝ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, վարել են չեզոք քաղաքականություն, ըստ որի՝ ինտեգրված լինելով արևմտյան գրեթե բոլոր քաղաքական և տնտեսական կազմակերպություններում, այնուամենայնիվ ՆԱՏՕ-ին չեն միացել:

Սակայն այս տարվա փետրվարի 24-ը՝ ինքնիշխան և անկախ Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ հարձակման օրը, համաշխարհային քաղաքական ասպարեզում հզոր փոփոխությունների է հանգեցրել:

Ստոկհոլմում և Հելսինկիում որոշել են անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ գիտակցել են, որ Կրեմլի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինի ագրեսիվ քաղաքականությունն անկանխատեսելի է, ուստի Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գտնվող ոչ մի պետություն այլևս չի կարող 100 տոկոսով վստահ լինել, որ ռուսների ագրեսիային չի ենթարկվի, որքան էլ ռուսները հավատացնեն, թե պատերազմներին դեմ են ու երազում են բոլոր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրելու մասին:

Ի՞նչ կարող են առաջարկել Անկարային Ստոկհոլմը և Հելսինկին: Նախարար Հաավիստոն, չմանրամասնելով, ասել է, թե Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են վերլուծել թուրքական կողմի ներկայացրած փաստարկները և փարատել թուրքերի մտահոգությունները:

«Մենք հասկանում ենք, որ Թուրքիան ունի ահաբեկչության վերաբերյալ անվտանգային իր հարցերը: Մենք կարծում ենք, որ կարող ենք պատասխաններ տալ դրանց, քանի որ մենք էլ ենք ներգրավված ահաբեկչության դեմ պայքարում», - ասել է Պեկկա Հաավիստոն:

Ենթադրվում է, որ ՆԱՏՕ-ն հունիսի 28-29-ը Մադրիդում գումարվելիք գագաթնաժողովում վերջնական և դրական պատասխան կտա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցին:

Երեկ Դավոսում այդ թեմային է անդրադարձել նաև դաշինքի գլխավոր քարտուղարը, ով հիշեցրել է, թե ինչպես է Պուտինը մշտապես գանգատվել, որ ՆԱՏՕ-ն ընդարձակվում է և մոտենում է Ռուսաստանի սահմաններին:

«Նա պատերազմ սկսեց, և հիմա ՆԱՏՕ-ն է՛լ ավելի կմոտենա և կընդարձակվի», - ասել է Յենս Ստոլտենբերգը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG