Պաշտոնական Կիևը հաստատում է՝ Դոնբասում գտնվող ռուսական ստորաբաժանումները շարունակում են մի գրոհել միանգամից մի քանի ուղղություններով՝ փորձելով շրջափակման մեջ առնել Լուգանսկի մարզի դեռևս ուկրաինական վերահսկողության տակ գտնվող հատվածի վարչական կենտրոն Սևերոդոնեցկ քաղաքը։
«Դոնեցկի ուղղությամբ հակառակորդը նպատակ ունի հարձակում իրականացնել՝ Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքները շրջապատելու և հետագայում Լուգանսկի մարզի վարչական սահմաններ դուրս գալու նպատակով։ Շարունակվում է նաև բուն Սևերոդոնեցկ քաղաքի գրոհը՝ հրետանու օժանդակությամբ։ Բախմուտ քաղաքի ուղղությամբ հակառակորդին հաջողվել է բարելավել մարտավարական դիրքերը Վասիլեվկա բնակավայրի մերձակայքում», - հայտարարել է ուկրաինական Գլխավոր շտաբի խոսնակ Ալեքսանդր Շտուպունը։
Ուկրաինական մի շարք աղբյուրների պնդմամբ` ռուսական բանակը աստիճանաբար սեղմում է օղակը Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքների շուրջ՝ հարձակվելով թե՛ հյուսիսից և թե՛ հարավից։ Որոշ տեղեկությունների համաձայն` 100 հազարական բնակիչ ունեցող այս երկու արդյունաբերական քաղաքները Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքին կապող միջանցքի լայնությունն այսօր առավոտյան կազմում էր շուրջ 25 կիլոմետր։
Սևերոդոնեցկի շրջապատման հնարավորությունը երեկ ուշ երեկոյան հեռարձակված հարցազրույցում չէր հերքում նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Արեստովիչը՝ ստեղծված կացությունը «տհաճ» որակելով։
«Գլխավոր ինտրիգը շատ պարզ է՝ արդյո՞ք [ռուսներին] կհաջողվի շրջապատել Սևերոդոնեցկը։ Սպառնալիքն առկա է, և այն միանգամայն իրական է», - նշել է ուկրաինացի պաշտոնյան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօր հրապարակած ամփոփագրից էլ պարզ է դառնում, որ հիմնական մարտերը ընթանում են թե՛ Սևերոդոնեցկի և թե՛ դեպի այդ քաղաք տանող ճանապարհների ուղղությամբ։
«Խոցվել է զորքերի կառավարման երեք կետ, կենդանի ուժի կուտակման 36 շրջան, մի շարք զինապահեստներ։ Դրանց թվում էր նաև ամերիկյան արտադրության M 777 տեսակի հաուբիցների համար նախատեսված 155 մմ տրամաչափի արկերի մեկ խոշոր պահեստ», - այսօր ասել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Եվ եթե ռուսական կողմի հիմնական խնդիրներից մեկը Ուկրաինա առաքված ռուսական սպառազինության ոչնչացումն է, ապա Կիևի թիվ մեկ նպատակը այդ մատակարարումների ծավալի ավելացումն է։ Ուկրաինական իշխանությունները, սակայն, առայժմ մատակարարումների տեմպից դժգոհ են։
«Չափազանց վաղ է պնդել, թե անհրաժեշտ սպառազինության ողջ ծավալն արդեն իսկ Ուկրաինայի ձեռքում է։ Ռուսաստանի հարձակումը Դոնբասում իր բնույթով անողոք մի ճակատամարտ է՝ խոշորագույնը Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», - այսօր առավոտյան Twitter-ի իր օգտահաշվում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ կոչ անելով արևմտյան պետություններին արագացնել Կիևին հեռահար հրետանու, հրթիռային կայանքների և զրահամեքենաների տրամադրումը։
Կուլեբայի այս գրառումը հայտնվեց գերմանական Ռամշտայնում «Ուկրաինայի պաշտպանության միջազգային կոնտակտային խմբի» երեկ կայացած երկրորդ նիստից հետո, որին մասնակցում էր նաև Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Անցած ամիս Ռամշտայնում կայացած գագաթնաժողովից հետո մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել։Ա յսօրվա քննարկումներից հետո ես ուրախությամբ կարող եմ տեղեկացնել, որ մենք ակտիվացնում ենք մեր ջանքերը», - շեշտել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը։
Կիևում, սակայն, մտավախություն կա, որ արևմտյան սպառազինությունը, սահմանափակ տարողունակություն ունեցող երկաթուղիներով և ավտոմոբիլային ճանապարհներով կարող է շատ ավելի ուշ հասնել Ուկրաինա, քան անհրաժեշտ է։ Որպես հետևանք ուկրաինական բանակը կշարունակի ծանր մարդկային կորուստներ կրել։ Թեև պաշտոնական Կիևը սեփական ռազմական կորուստների մասին տեղեկատվությունը չի գաղտնազերծում, սակայն երեկ Դավոսի համաժողովի մասնակիցների առջև ունեցած ելույթում լուրջ կորուստների առկայությունը հաստատեց նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ Դոնբասում ուկրաինական բանակն ամեն օր 50-ից 100 զոհ է տալիս։
Արևմտյան աղբյուրները ևս հաստատում են, որ ուկրաինական բանակը ծանր կորուստներ է կրում։ AP գործակալությունն այսօր ռեպորտաժ է հրապարակել Խարկովի գերեզմանատներից մեկից։ Կադրերում հստակ երևում են պատերազմում զոհված զինվորականների շիրիմների վրա ծածանվող տասնյակ ուկրաինական դրոշները։
«Կարծում եմ, որ սա շատ մեծ գին է։ Մարդկային կյանքերն անգին են։ Ճիշտ չէ, որ այժմ երիտասարդներ են զոհվում։ Հարկավոր է այս ամենը դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծել», - AP թղթակցի հետ զրույցում նշել է ուկրաինական բանակի սպա Ալեքսեյ Կոլեսնիկովը։
Ռազմական գործողությունների մեկնարկից երեք ամիս անց կողմերի կրած ոչ միայն մարդկային, այլև տնտեսական ու տարածքային կորուստներն է այսօր փորձել ամփոփել հեղինակավոր Forbes հանդեսի ուկրաինական տարբերակը։
Պարբերականի ուկրաինական տարբերակը, մասնավորաբար, արձանագրել է. «2022 թվականի փետրվարի 23-ին Ռուսաստանը վերահսկում էր Ուկրաինայի տարածքի 7 տոկոսը՝ 43 հազար քառակուսի կիլոմետր։ Պատերազմի մեկնարկից երեք ամիս անց ռուսական վերահսկողության տակ է Ուկրաինայի տարածքի գրեթե 20 տոկոսը՝ 125 քառակուսի կիլոմետր»: