Մատչելիության հղումներ

Շանտաժով, սպառնալիքներով Հայաստանին պարտադրում են աննախադեպ զիջումներ. Տիգրան Աբրահամյան


«Ազատությունն» իր տաղավարում այսօր հյուրընկալել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է («Պատիվ ունեմ»)։

«Ազատություն». – Ձեզ համար անակնկա՞լ էր վարչապետի երեկվա ասածը, որ միջազգային հանրությունը ակնակալում է Երևանից իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը։ Մեծ իմաստով էստեղ նորություն կա՞։

Աբրահամյան. – Ես կարծում եմ, դա ինքնախոստովանություն էր առ այն, որ իր իշխանության օրոք տարբեր միջազգային սուբյեկտներ Արցախի հարցի հետ կապված իրենց մոտեցումները վերանայել են։ Որովհետև մինչև 2018 թվականը, կամ 18 թվականից հետո նախկին համանախագահներ, դիվանագետներ, գործող պաշտոնյաներ հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը, օրինակ, առկա է եղել աշխատանքային փաստաթղթերում, ամրագրված է եղել և այլն։ Երբ որ այս իշխանության տարբեր դեմքեր ուղղակի կամ անուղղակի ձևով խոսում են ինքնավարության մասին, բարձր ինքնավարության մասին, Արցախում ապրող մարդկանց իրավունքների և ազատությունների մասին, և խոստովանում են, որ տարբեր միջազգային սուբյեկտներից ազդակներ են ստանում նշաձողի իջեցման մասին, դա ինքնին խոսում է բանակցային գործընթացի այն վատ վիճակի մասին, որը նրանք բերել-հասցրել են։ Որովհետև այն, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, և ստեղծված այն իրավիճակի մասին, դրանք չեն եղել 2018-ից առաջ, և այդ մասին բանակցային գործընթացում գործող տարբեր դեմքեր՝ Իգոր Պոպովից սկսած, Ուորլիքից սկսած, վերջացրած Ռուսաստանի արտոգործնախարարության տարբեր ներկայացուցիչներով, փաստել են, որ մինչև 2018 թվականը գործընթացը եղել է այլ սկզբունքների շուրջ, այլ տրամաբանության և փիլիսոփայության ներքո։ Սա ինքնախոստովանություն է առ այն, որ Հայաստանը ոչ միայն տապալել է գործընթացը մինչև 2020 թվականի պատերազմական գործողությունները, այլ հետպատերազմյան ժամանակահատվածում իրավիճակը բերել-հասցրել է մի կետի, երբ խորհրդարանի՝ իշխանությունը ներկայացնող պատգամավորը խոսում է այն մասին, որ սխալ է եղել այն մոտեցումը, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որպես աշխատանքային փաստաթղթի մաս, ճանաչել էր նաև Ադրբեջանը։ Իսկ այն, ինչի մասին այսօր խոսում է Նիկոլ Փաշինյանը, ինչի մասին խոսում են նրա տարբեր թիմակիցներ, և ինչի մասին, ըստ էության, նաև մենք տեսնում ենք բանակցային գործընթացի երևացող մասով, ցույց է տալիս, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը այլևս գոյություն չունի։ Իսկ մնացած այն դետալները, որոնք մենք ժամանակին քննարկում էինք, որ միգուցե կարելի է մի փոքր այլ ձևով ձևակերպել, այլ տերմինոլոգիա մտցնել, այլ ժամկետներ սահմանել, դրանք հանրաքվեին էին վերաբերում, անվտանգ կապին և այլն, դրանք այսօր այս իշխանությունների համար նույնիսկ ակտուալ չեն։ Իրավիճակը հասել է շանտաժի, սպառնալիքների, և դրա միջոցով Հայաստանին շատ ավելի խորը զիջումներ են պարտադրելու, քան դրանք եղել են երևի ամենավատագույն օրերին՝ 90-ականների սկզբներին»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG