Մատչելիության հղումներ

«Գործողություններն այստեղ են որոշվելու». Վանեցյանը նստացույց է սկսել Ազատության հրապարակում


Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց է սկսել, որ, ինչպես ինքն է ասում, «կանխի վարչապետ Փաշինյանի ծրագիրը»։

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է թողնել Արցախը, և սկսել են արդեն խոսել, քարոզել այն մասին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Եվ եթե Հայաստանի ներսում հիմա ընդվզում չլինի, եթե մենք չփորձենք հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այդ գործընթացն անպայման իրականանալու է», - հայտարարեց Վանեցյանը։

Ընդդիմադիր պատգամավորը գիշերելու է հրապարակում և խոստանում է չհեռանալ, մինչև չհասնի իր նպատակին։

«Ես լինելու եմ այստեղ 24 ժամ, չեմ գնալու հրապարակից», - նշեց նա:

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն Ազատության հրապարակ էր գնացել երեկ կեսօրին։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանրությանը տեղեկացրեց, որ նստացույց է սկսում։ Ավելի ուշ հրապարակ հասան նրա թիմակից պատգամավորները, իսկ երեկոյան արդեն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու քաղաքացիները:

«Վերջին իրադարձություններից հետո ես ինձ չեմ պատկերացնում այլևս Ազգային ժողովում` իմ առանձնասենյակում կամ Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում նստելուց: Նստեմ, ո՞ւմ հետ խոսեմ, մարդկա՞նց հետ, ովքեր համոզում են հանրությանը, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում», - նկատեց նա:

Արթուր Վանեցյանն ասաց՝ իր պայքարը սկսել է ոչ թե որպես քաղաքական ուժի ղեկավար, այլ պարզապես որպես Հայաստանի քաղաքացի և կոչ արեց մյուսներին էլ միանալ պայքարին։

Իսկ ի՞նչ գործողությունների ծրագիր ունեն, Փաշինյանին ի՞նչ միջոցներով են ստիպելու հեռանալ իշխանությունից։ Վանեցյանն ասաց՝ ճանապարհային քարտեզը կորոշվի Ազատության հրապարակում. «Ընդդիմությանը միշտ մեղադրում են գործողությունների բացակայության մեջ: Գործողություններն այստեղ են որոշվելու, գործողություններն այստեղ են արվելու, և յուրաքանչյուր մարդուց է կախված` մենք երբ, ինչ ճանապարհով կգնանք գործողությունների: Եթե այստեղ հավաքվի, ես ձեզ հավաստիացնում եմ, յուրաքանչյուր օր այստեղ երեկոյան լինի, այսօր այսքան մարդ, վաղը` սրա կրկնապատիկը, հաջորդ օրը` եռապատիկը, մենք շատ կարճ ժամանակում ուղղակի ասելու ենք` թողեք, գնացեք, թողեք մեր երկիրը, մեր հայրենիքը մենք կարողանանք բերել նորմալ վիճակի»:

Ինչո՞ւ Արթուր Վանեցյանին չեն միացել խորհրդարանական երկրորդ ուժի` «Հայաստան» խմբակցության պատգամավորները. Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ իրենք էլ իրենց ծրագիրն ունեն` ապակենտրոն, ցանցային պայքարի ուղիով են գնալու, որ ավելի արդյունավետ գործեն. «Մենք ունենք ծրագիր սկզբից մինչև վերջ, առաջիկայում հայտարարություն կանենք և կանցնենք գործի, ու հանուն Հայաստանի ու Արցախի հայ մարդը պետք է դուրս գա պայքարի, ու վստահեցնում եմ ձեզ, որ այս իշխանությունը երկար կյանք չունի»:

Ազատության հրապարակում էին նաև Վանեցյանի ընտանիքի անդամները։ Նստացույցի առաջին օրը հարթ չանցավ։

Երբ ցուցարարները փորձեցին Ազատության հրապարակում վրաններ տեղադրել, ոստիկաններն արգելեցին, նրանց միջև քաշքշուկ սկսվեց, մի խումբ ցուցարարներ բերման ենթարկվեցին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG